Բացել լրահոսը Փակել լրահոսը
12Havastagrum-hstakecum
A A
Պաշտոնական

Փոփոխություններ են կատարվել քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և ՇՄԶ գործընթացներում

Հստակեցումներ են կատարվել քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և շարունակական զարգացման գործընթացներում

Քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրման, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները բարելավելու և առավել արդյունավետ դարձնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն կատարել է փոփոխություններ գործող ընթացակարգերում։

Մասնավորապես՝ տարբերակվել և հստակեցվել է աշխատանքային փորձի համար շնորհվող գործնական կրեդիտների քանակը բակալավրի, մագիստրոսի կրթություն ստացած ու վերաորակավորում անցած մասնագետների համար։ Կախված հավաստագրման կարգից՝ անհրաժեշտ կրեդիտների քանակը սահմանված է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թ. օգոստոսի 23-ի հրամանի հավելված 2-ի 2-րդ կետի, 6-8-րդ ենթակետերով։

Հաշվի առնելով, որ տարբեր տարիների կրթական հաստատությունների կողմից շնորհվել են դիպլոմներ՝ նեղ մասնագիտական տարատեսակ անվանումներով՝ սահմանվել է, որ ամբողջական կրթություն ստացած մասնագետները կարող են դիմել և բուհերից ստանալ հավաստագրման ենթակա մասնագիտությունների ցանկում չընդգրկված իրենց մասնագիտացման համապատասխանության վերաբերյալ եզրակացություն։

Բացի այդ, քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտությունների ցանկը համալրվել է նոր մասնագիտացումներով։ Արդպիսով՝ նախկինում հավաստագրման կարգից դուրս մնացած կրթության և փորձի տարբերությամբ ավելի շատ մասնագետներ են հնարավորություն ստանում դառնալու լիցենզիայի ներդիրի պատասխանատու մասնագետ։ Փոփոխությունների արդյունքում նախկին 10 տարվա փոխարեն վերջին 5 տարվա աշխատանքային փորձ և բազային կրթություն ունեցող մասնագետները կարող են վերաորակավորում անցնել համալսարաններում, նաև մասնակցել ՇՄԶ դասընթացների, ապա դիմել հավաստագրման համար։

Հստակեցումներ են կատարվել նաև շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի կազմակերպիչների համար։ Մասնավորապես՝ լրամշակվել են ՇՄԶ միջոցառման կազմակերպչի պարտականությունները, հստակեցվել են շահերի բախման հայտարարագրի ներկայացման պայմաններն ու պահանջները։ Հստակեցվել է նաև թեստավորման հարցաշարերի ներկայացման ընթացակարգը։

Նշված փոփոխությունները կատարվել են Կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի 478-Ն որոշման մեջ և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-ն հրամանում։

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ