Բացել լրահոսը Փակել լրահոսը
4G3A3601
A A
Պաշտոնական

Կարիք ունենք վերանայելու անվտանգ և ապահով կրթական միջավայրի մասին մեր պատկերացումը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա են եղել Կրթության տեսչական մարմնի տարվա ամփոփիչ միջոցառմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կրթության տեսչական մարմնի գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցը շարունակաբար պետք է հետադարձ կապի մեջ լինի ոլորտի շահակիցների հետ. «Պարբերաբար լսելով նախաձեռնվող գործողությունների և քայլերի արձագանքը՝ առաջին հերթին հնարավորություն ենք ունենում լավարկելու մեր աշխատանքները: Անցնող տարին իսկապես շատ կարևոր է հատկապես «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի ընդունմամբ, որը կրթության ոլորտում վերահսկողության նոր գործիքակազմեր ներդնելու հնարավորություն է ապահովում՝ համահունչ ոլորտի բովանդակային բարեփոխումներին: Դրանց նպատակն է խրախուսել ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, այդ թվում՝ մեծապես շեշտադրելով մանկավարժական ինքնավարությունը՝ միաժամանակ վերջնարդյունքների վրա հիմնված վերահսկողություն իրականացնելու նոր հնարավորությունների ընձեռմամբ: 2025 թվականը պետք է դիտարկենք անցումային՝ Տեսչական մարմնի գործունեության մեջ նոր մշակույթ ներդնելու առումով»։

Նախարարն անդրադարձել է կրթական հաստատություններում ապահով և անվտանգ միջավայրի ապահովմանը՝ որպես սովորելու ամենակարևոր նախապայմաններից մեկը. «Ուսուցիչը, սովորողը, տնօրենը արդյունք կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե իրենց պաշտպանված են զգում: Մենք իսկապես կարիք ունենք լրջորեն վերանայելու անվտանգ և ապահով կրթական միջավայրի մասին մեր պատկերացումը. որո՞նք են այն գործոնները, որոնք կրթության ոլորտում փոխադարձ հարգանքի, արժանապատիվ հարաբերությունների, ապահովության, պաշտպանության և համակեցության ներդաշնակ միջավայր են ձևավորում: Այս խնդիրը, կարծում եմ, կրթության ամենալուրջ մարտահրավերներից է»:

Նա առանձնակի շեշտադրել է նաև կիբեռանվտանգության կարևորությունը՝ որպես պաշտպանվածության առանցքային բաղադրիչ: Նախարարը համակարգի ամենալուրջ մարտահրավերներից առանձնացրել է նաև դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացումը՝ որպես Տեսչական մարմնի գործունեության կարևոր ուղղություն: Նրա խոսքով՝ բարեփոխումների այս փուլում նախարարությունը կառավարման խնդիրների լավարկման ուղղությամբ Կրթության տեսչական մարմնից առաջարկությունների փաթեթ է ակնկալում: Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և մաղթել արդյունավետ աշխատանքային տարի:

Կրթության տեսչական մարմինը ներկայացրել է 2025 թվականի հիմնական աշխատանքներն ու արձանագրված արդյունքները: Մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը պանելային քննարկման ընթացքում նշել է կրթության ոլորտում

տեսչական վերահսկողության զարգացման հիմնական ուղղությունները 2026 թվականի համար:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ