Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին պարտիայում

Սպորտ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հոլանդական Վեյք ան Զեեում մեկնարկած միջազգային խոշոր մրցաշարի առաջին պարտիայում կիսեց միավորը: Վիճակահանությամբ մեր շախմատիստը սեւ խաղաքարերով մրցեց մրցաշարի ամենացածր վարկանիշ ունեցող մասնակցի՝ խորվաթ Իվան Սարիչի հետ: Լեւոն Արոնյանը բավական պասիվ սկսեց պարտիան եւ չհասցրեց կատարել թագավորի փոխատեղում: Մրցակցին դիրքային առավելությունից զրկելու համար նա փոխանակեց խոշոր ֆիգուրները: Արդյունքում, 32-րդ քայլին կողմերը միասին կանգնեցրին ժամացույցը եւ խաղաղ դաշն կնքեցին: Գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց նաեւ աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը սեւերով միավորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Վաղը նախատեսված երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հենց Անիշ Գիրիի հետ: