Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամբոյի հանդեպ խտրականություն կա. Լ. Հայրապետյան

Սպորտ
sport-hajrapetyan-levon

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանն այնքան էլ համաձայն չէ մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի հետ: «Ես ՀՍՖ-ի անունից շնորհավորում եմ տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկներին, բայց միանգամից ուզում եմ ասել, որ նրանց դասավորվածությունն ինձ չի գոհացնում, առաջին հերթին այն, որ մեր սամբիստները գրավել են 7-րդ եւ 8-րդ հորիզոնականները: Նրանք կարող էին ավելի միավորներ հավաքել, եթե քվեարկողներն ավելի անաչառ լինեին: Ցավոք, խտրականությունը սամբոյի հանդեպ շարունակվում է» - Լեւոն Հայրապետյանի խոսքերը մեջբերում է սամբոյի ազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: ՀՍՖ-ի նախագահին զարմացրել է նաեւ այն, որ ֆեդերացիայի կողմից լավագույն սամբիստ ճանաչված, աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը լավագույն տասնյակում ավելի ցածր տեղ է զբաղեցրել, քան իրենց կողմից 4-րդը ճանաչված, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը: «Սամբոյի ֆեդերացիայի լավագույն տասնյակի վերջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկը Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Եթե խտրականություն չլիներ, ապա մեր տասնյակի բոլոր մարզիկները կհավակնեին Հայաստանի տասնյակում ընդգրկվելուն» - եզրակացրել է Լեւոն Հայրապետյանը: Հավելենք, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկի թեկնածու է համարում այն մարզիկ-մարզուհիներին, ովքեր մեդալներ են նվաճում մեծահասակների պաշտոնական մրցումներում, իսկ ահա սամբոյի ֆեդերացիան հատուկ սանդղակով միավորներ է տալիս տարիքային բոլոր խմբերում մեդալներ նվաճած սամբիստներին: Հենց դա է պատճառը, որ ՀՍՖ-ի կազմած լավագույն տասնյակում մեծահասակների Եվրոպայի չեմպիոնը ետ մնացել աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոնից: