Կարտոֆիլի թթուն գրանցեց որպես գյուտ (տեսանյութ)
8 տարի ռեստորան ղեկավարող Ռուզաննա Նահապետյանն անցյալ տարի դարձավ խոհարարական գյուտի հեղինակ՝ պատրաստելով կարտոֆիլի թթու։ Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ հաճախորդներից մեկի կողմից ուտեստի պատվեր էին ստացել, որի մեջ մեծ քանակով կարտոֆիլ էր անհրաժեշտ։ «Պատրաստեցինք, այնպես ստացվեց, որ հաճախորդը չկարողացավ գալ և խնդրեց, եթե կարելի է փոխանցել հաջորդ օրվան իր պատվերը։ Երկար նայելուց, մտածելուց, տանջվելուց և բարկանալուց հետո միտք առաջացավ, որ կարելի է, ինչու ոչ, ունենալ թթու։ Դրեցինք թթու»,-պատմում է տիկին Ռուզաննան։ Այդպես ակամա Ռուզաննա Նահապետյանն իր անունը գրանցեց հայ, թվով քիչ կին-գյուտարարների շարքում։ Թեև ռեստորանի տիրուհին է, բայց չի զլանում և հաճախ սեփական ձեռքով է ուտեստները պատրաստում։ Իսկ պատրաստել սկսել է 10 տարեկանից։ Սկզբում խմորեղեններ, հետո արդեն մասնագիտական կրթության շնորհիվ անցել է առավել բարդ ուտեստների պատրաստմանը։ Խոհարար Աննա Վարդերեսյանը 4 տարի է՝ տիկին Ռուզաննայի հետ է աշխատում «Երբ մեզ մոտ ինչ որ բան ուզում է շեղվի, ասենք համեմունքի չափաբաժինը, հերթականությունը կամ թեկուզ հասարակ սոխը տապակելու վայրկյանները ավել, պակաս ուզում ենք շեղել, տիկին Ռուզաննան հայտնվում է, որտեղից ուզում է լինի։ Թեկուզ սրահում հյուրեր ունենա, զգում է։ Դա մեզ շատ օգնում, փրկում է»,-նշում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում