Ռուբեն Հայրապետյանը դեռեւս վստահում է Բեռնար Շալանդին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չնայած դժգոհ է ազգային հավաքականի ցույց տված արդյունքից, բայց դեռեւս վստահում է գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին: «Ես առայժմ վստահում եմ Շալանդին, դրա համար էլ չեմ ազատում աշխատանքից: Ինչ վերաբերում է նրա ընտրած խաղային տակտիկային, ապա երբեք համաձայն չեմ: Մենք դեռ շանսեր ունենք մտնելու Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Ճիշտ է, եթե հավաքականը շարունակի խաղալ այնպես, ինչպես Պորտուգալիայի հանդիպմանը, այսինքն` մտածենք քիչ գոլ բաց թողելու մասին, ապա ի՞նչ հեռանկարի մասին կարելի է խոսել: Սակայն մենք դեռ ժամանակ ունենք, Շալանդը փորձառու մարզիչ է, հավանաբար ճիշտ հետեւություններ կանի եւ կփոխի խաղի ոճը», - այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Ռուբեն Հայրապետյանը: Խոսելով մեր ակումբային ֆուտբոլի մասին, ՀՖՖ նախագահը միանշանակ հայտարարեց, որ Երեւանի «Փյունիկի» եւ «Բանանցի» առջեւ խնդիր է դրված ֆուտբոլիստներ պատրաստել հավաքականի համար, այլ ոչ թե պայքարել տիտղոսների համար: Ի դեպ, այս ակումբները ներկայումս Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիրն են: «Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, թե ինչպես է ֆեդերացիայի ղեկավարությունը գնահատում մեր մյուս տարիքային հավաքականների ելույթները, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Վատ, շատ վատ»: