«Ուլիսը» ոչ հավաստի տեղեկություն է տրամադրել ՀՖՖ-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Ուլիս» ֆուտբոլային ակումբին նկատողություն է հայտարարել` ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Պարզվում է, որ «Ուլիսը» սխալ համարի տակ լուսանկար է ներկայացրել: Հավելենք, որ կարգապահական կոմիտեն 6-ական խաղով որակազրկել է «Ալաշկերտի» խաղացող Գոռ Մալաքյանին եւ «Միկայի» ֆուտբոլիստ Արմեն Ֆիշյանին` բռնարարքի համար: «Ալաշկերտ» եւ «Միկա» ակումբները տուգանվել են 200 հազարական դրամով: Մեկ խաղով որակազրկվել է նաեւ «Գանձասար» թիմի մարզիչ Օլեգ Բոժկոն` «Փյունիկի» հետ խաղում ոչ սպորտային պահվածքի համար: Իսկ ահա «Իջեւան-2000» պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Արմեն Խաչատրյանը խաղի ժամանակ հայհոյելու համար երկու խաղով է որակազրկվել: Ի դեպ, կարգազանց մարզիչը նաեւ գլխավորում է Իջեւանի «Արնար-98» պատանեկան թիմը, որի հանդիպման ժամանակ նույնպես հայհոյել է եւ դրա համար որակազրկվել մինչեւ նոյեմբերի 23-ը: