Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծածկագիրը կոտրելով՝ դառնում են հանցագործ

Քաղաքականություն
Picture-021

Ձեզ անհանգստացրե՞լ են կիբեր հանցագործները,-բարեւից հետո առաջին նախադասությունն է, որ տալիս է Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործության հարցերով ծրագրի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Սեգերը։ Բացասական պատասխանից հետո շարունակում է՝ վստա՞հ եք։ Ինքը մի քանի տարի առաջ մինչ Ֆրանսիայում ինքնաթիռ էր նստում, հասցրել էին նրա բանկային հաշվեհամարից մի քանի հարյուր եվրո «թռցնել»։ Հետագայում պարզել էր, որ այդ գումարով գնել էին միջքաղաքային տրանսպորտի եւ գնացքի տոմսեր։ Նա դիմել էր ոստիկանություն, բայց, բնականաբար, հանցագործները չեն հայտնաբերվել։ Եվրոպական ամենազարգացած երկրներում անգամ, օրինակ՝ Գերմանիայում, շատ դժվար է բացահայտել այդ հանցագործությունները, քանի որ բազմաթիվ են։ Գերմանիայում կիբերհանցագործները կարողանում են տարեկան 4 մլրդ եվրոյից ավելի գումար կողոպտել: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն էլ զուգահեռ կատարելագործվում են կիբերհարձակումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Քիշինեւում ամփոփվում էին CyperCrime@EAP ծրագրի արդյունքերը։ Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդը 2011թ. մարտից աջակցում են Արեւելյան Գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային. կիբերհանցագործության դեմ պայքարի համար 894000 եվրո է հատկացվել։ Թե կոնկրետ որ երկրին ինչքան գումար է տրամադրվել, եվրոպացի պաշտոնյան չի կարող ասել, քանի որ այն հիմնականում ծախսվել է տարբեր տեսակի խորհրդատվական միջոցառումների, սեմինարների անցկացման համար։ Ըստ պարոն Սեգերի՝ ծրագրում ընդրկված երկրները բավականին առաջընթաց են գրանցել։ Ինչ վերաբերո՝ւմ է Հայաստանին. «Որոշակի քայլեր են արվել օրենսդրական դաշտում, մասնավորավորապես քրեական օրենսդրության մեջ կիբերհանցագործությունը սահմանվել է որպես հանցագործություն»։ Այս հանցատեսակների դեպքում քրեական պատասխանատվություն է սահմանում ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»-ի վերաբերյալ 24-րդ գլուխը։ Կարեւելով կիբերհանցագրծության դեմ պայքարը՝ պարոն Սեգերն ընդգծում է կառավարությունները հաճախ քրեական այս հանցատեսակը նույնականացնում են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի հետ։ Նա շեշտում է՝ այդ նույնը չէ, սահմանը հստակ պետք է գծվի։ Բացի այդ՝ կառավարությունները չպետք է կիբերհանցագործության դեմ պայքարի անվան տակ սկսեն համընդհանուր վերահսկողություն վիրտուալ տարածքում։ Արդյո՞ք ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության արդյունքների կեղծումը կիբերհանցագործություն է։ Պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ ԵԽ պաշտոնյան նշում է՝ դատախազությունը պետք է գնահատական տա՝ այդ խաբեությո՞ւն է, թե՞ ընտրական խախտում։ Մոլդովայի մայրաքաղաքում ընթացող CyperCrime@EAP կոնֆերանսին մասնակցում էին մոտ 60 փորձագետներ ԱլԳ երկրներից, Ռումինիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից , ինչպես նաեւ եվրոպական կառույցներից։ Ի դեպ, վիրուսների տարածումը, ծածկագրերի կոտրումը, բանկային քարտերի համակարգերի եւ այլ բանկային տվյալների կողոպուտը, անօրինական տեղեկատվության տարածումը հենց կիբերհանցագործությունների օրինակներ են։ Հայաստանում 2013-2014 թվականների ընթացքում կիբեռհանցագործության 103 դեպք է գրանցվել, որոնցից 52-ը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության, 9-ը՝ համակարգչային սաբոտաժի, 11-ը՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, 8-ը՝ վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու եւ տարածելու դեպքեր են։