Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիշինեւից Երեւան. սարսափող շիկահերից մինչեւ օդանավն «իջեցնող» երիտասարդ

Քաղաքականություն
moldova

Ասֆալտին չհասած՝ արդեն գոլորշիացող անձրեւը հաճելի սառնություն է տալիս դեմքիդ։ Ժամը 17-ին արդեն մութ քաղաքում քայլում ես հնարավորինս դանդաղ, որպեսզի զբոսաշրջիկի կարգավիճակում ընդամենը մի քանի ժամ գտնվողդ կարողանաս բացահայտել Մոլդովայի մայրաքաղաքի գույները։ Երեկոյան ժամերին Քիշինեւին «լույս տվողները» քսան մետր մեկ հանդիպող խաղատների մուտքերի գովազդային վահանակներն ու դրանից չորս անգամ հաճախ նկատվող տարադրամի փոխանակման կետերի ցուցանակներն են։ Ընդ որում՝ իրարից հինգ մետր հեռավորությամբ գտնվող կետերում խիստ տարբեր առաջարկներ են, օրինակ՝ 10 եվրոյի դեպքում տարբերությունը կարող է լինել մինչեւ 3 լեյ( մոտ 85 դրամ )։ moldova4 Արդեն տերեւաթափ ծառերը հաստատում են, որ Քիշինեւը եվրոպական կանաչ քաղաքներից մեկն է։ Երեկոյան կարող ես քայլել կենտրոնական զբոսայգով, սակայն շատ դժվար գլխի կընկնես՝ ում հուշարձանի մոտ ես հայտնվել. լուսավորություն չկա։ Քաղաքում աղբամաններ էլ չկան։ Տարօրինակ կերպով արագաքայլ մոլդովացիներին, հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, մի քանի րոպե քեզ լսել խնդրելու համար որոշակի ջանքեր պետք է ներդնես։ Անծանոթ քաղաքի հյուրընկալության աստիճանն հասկանալու լավագույն տարբերակը մոլորված ձեւանալն է։ Մոլդովայի կառավարության շենքից հինգ րոպե էր անհրաժեշտ իմ հյուրանոց հասնելու համար։ Հյուրանոցի ետնամասում ձեւացնում եմ, թե երկու օրերիս կացարանը չեմ գտնում։ Առաջինը հաջողվում է երիտասարդ աղջիկների կանգնեցնել. դեմքի սառն արտահայտությամբ լսում են ռուսերեն հարցս. իրար հետ մոլդովերենով քննարկում, ապա նրանցից առավել մռայլը ռուսերենով բացատրում է՝ ուր գնալ։ Հետո մոտենում եմ միջին տարիքի կանանց. հյուրանոցի տեղը չգիտեն, բայց ժպտալով են այդ մասին ասում։ moldova5 Տիկին Յուլյան հյուրանոցի հանդերձարանում է աշխատում։ Տեղեկանալով Հայաստանից եմ՝ երիտասարդ տարիներն է հիշում. խորհրդային օրերին Սեւանա լճի ափին ձուկ է կերել, Երեւանի շատրվանների երգն է լսել։ Ասում է՝ կուզենար կրկին Հայաստան գալ, բայց վախենում է։ «Լսել եմ Ձեզ մոտ շիկահեր կանանց ատում են»,– տեսնելով զարմացած հայացքս՝ սիրունատես հիսունն անց կինը բացատրում է՝ իր մայրը մոլդովացի է, հայրը՝ ռուս, եւ իրեն ասել են, թե Հայաստանում ռուսներին չեն սիրում։ Բացատրում եմ, թե Հայաստանը մտել է Մաքսային միություն։ Զարմանալու հերթն արդեն իրենն է, ու մեկ էլ՝ ԵՄ–ին Ասոցացված երկրի քաղաքացին ասում է՝ ճիշտ եք արել։ Մոլդովայում կյանքն օրեցօր թանկանում է, աշխատանք չկա, երիտասարդները երկրից դուրս են իրենց ապագան տեսնում։ Տղամարդը, որի հետ ծանոթանում եմ պատահաբար, բոլորովին այլ կարծիք ունի ՀՀ–ի ԵՏՄ–ին անդամակցության վերաբերյալ։ Առանց հարցերի սպասելու՝ պատմում է, թե հետեւել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին եւ հիասթափվել, երբ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում չնախաստորագրեց Ասոցացման փաստաթուղթը։ Թե մոլդովացիներին, թե հայերին համարում է ռուսական ագրեսիայի զոհ։ «Ինչո՞ւ, ինչո՞ւ չպետք է մենք էլ նորմալ ապրենք, ինչպես ամերիկացիները»,– հռետորական հարց է տալիս թոշակառու ֆիզիկոսը։ «Ես ոչ Ռումինիային եմ ուզում միանալ, ոչ Ռուսաստանին։ Ես մոլդովացի եմ»,– ընդգծված արժանապատվությամբ հայտարարում է տղամարդը , որի մնացյալ ինչուները միախառնվում են մութ եւ դատարկ փողոցում նրա ձեռնափայտի աղմուկին։ moldova3 Մոլդովայի խորհրդանիշը տարբեր համի եւ որակի գինիներն են. օդանավակայանում դրանց գինը քաղաքի խանութներից մոտ հիսուն տոկոսով բարձր է։ Բայց նույնիսկ այս պարագայում օդանավակայանում կարող ես գնել մոլդովական գինի 2.50 եվրոյից սկսած։ Դրամարկղում հանկարծ հայտնաբերում եմ, որ 10 ցենտ պակասում է.մինչ մտածում եմ ապրանքը վերադարձնելու մասին, մոլդովացի աղջիկն այն արդեն փաթեթավորված մեկնում է ինձ՝  պետք չէ։ Ի դեպ, Մոլդովայի սահմանային անցակետի աշխատակիցներն այս ոլորտի երբեւիցե ինձ հանդիպած բարեհամբույր աղջիկներն էին։ Գրեթե ամենուր, ներառյալ Հայաստանում, առավելեւս՝ Ռուսաստանում, «քրքրում են» անձնագիրս՝ կասկածանքով, թե լուսանկարում մի քիչ տարբեր եմ։ Մոլդովայում վերադարձրին անձնագիրս՝ ժպտալով՝ ինչքան շատ երկրներում ես եղել։ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տարանցիկ ուղեւորիս՝ ՀՀ քաղաքացուս, սպասում էր հերթական հարցաքննությունը։ Ստիպված էի բացատրել, որ երկու օրով Քիշինեւ եմ մեկնել Եվրոպայի խորհրդի հրավերով՝ մասնակցելու Կիբերհանցագործության դեմ պայքարին նվիրված կոնֆերանսին։ Ռուսական « մուննաթ»—ը սպասում էր նաեւ օդանավում։ Լեփ–լեցուն ինքնաթիռով Երեւան էին վերադառնում տարբեր բարբառներով խոսող հայեր։ Քիչ անց ռուսական անբարեհամբույր վերաբերմունքի պատճառն ընկալեցի։ Ինքնաթիռն արդեն օդ էր բարձրանում,իսկ ուղեւորներից մեկը շարունակում էր հեռախոսով խոսել՝ չնայած զգուշացումներին։ Թռիչքի կեսին լսվեց օդաչուի նախազգուշացումը. եթե որեւէ մեկը սկսի ծխել, հարկադիր վայրէջք կկատարեն մոտակա օդանավակայանում։ Այրված լուցկու հոտ էր տարածվել։ Ուղեւորության երկրորդ կեսն ավելի խաղաղ էր։ Օդանավի ետնասրահում ուղեկցորդուհիներն արդեն բարձրաձայն ծիծաղում էին։ Հանկարծ կենտրոնական շարքում իրարանցում սկսվեց. վատացել էր ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը։ Հինգ րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Լուցկին վառած, բայց սիգարետի համը չառած երիտասարդին սպասում էին ոստիկանները։  Կարինե Ասատրյան Քիշինեւ–Մոսկվա–Երեւան