Զարուհի Փոստանջյանի նախագիծը կրկին ԱԺ-ում է
ԱԺ-ն սկսեց արտահերթության կարգով քննարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ԱԺ որոշման նախագիծը: Տիկին Փոստանջյանն այս նախագիծն արդեն մի քանի անգամ ներկայացրել է ԱԺ քննարկմանը: Ըստ նրա՝ միջազգային ռազմաքաղաքական իրողությունը եւ սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ եւ ԼՂՀ-ի նկատմամբ, ԵՏՄ անդամակցության նախագիծը հաշվի առնելով՝ ԱԺ-ն պարտավոր է անվտանգության հիմնադրությունների հայեցակետերն ամրապնդել. «Ոչ թե օրենքի նախագծով, այլ ԱԺ որոշման նախագծով է այս անգամ ներկայացվում խնդիրը, որի առաջին կետով ես պահանջում եմ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ինչու եմ նորից բերել ԱԺ այս նախագիծը, քանի որ շուտով ՀՀ ՍԴ-ն որոշում է կայացնելու ԵՏՄ պայմանագրի մասին, որից հետո ԱԺ է բերվելու՝ քննարկման: Սակայն մինչ այդ ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ԼՂՀ ճանաչման վերաբերյալ»: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին: