Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող լինի մեկ նախարար. սովը կարելի է էդպես հաղթահարել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gov

Հարկատուների բեռը թեթեւացնելն ու այդպիսով կառավարությունը փոքրացնելը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նորմալ գործընթաց է համարում: Ինչ վերաբերում է նոր` Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը, ապա նա այլ մոտեցում ունի. «Ես կնախընտրեի, որ լիներ մեկ տեղակալ եվրաինտեգրման հարցերով Էկոնոմիկայի նախարարությունում, մեկը` եվրասիական, եւ փորձեին այդ երկու տեղակալները համահունչ գործելով` իրականացնել հռչակված «եւ-եւ» քաղաքականությունը»: Կառավարությունն իր վերջին նիստում կառուցվածքային փոփոխություն արեց` միավորել Տարածքային եւ ԱԻ նախարարությունները եւ ստեղծելով նոր` Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մեկնաբանելով իրենց քայլերը, ասել էր, որ այսպիսով աստիճանաբար օպտիմիզացնում են կառավարման համակարգը, քանի որ 19 նախարարություն Հայաստանի համար շատ է, իսկ միավորված նախարարությունն ապագայում տեսնում են որպես Ներքին գործերի նախարարություն։ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՆԳՆ-ի մեջ ոստիկանությունը չի մտնելու. «Մտնելու է տեղական, համայնքային ոստիկանությունը: ՆԳՆ-ն նախկին ՆԳՆ-ն չէ: Իմ կարծիքով` ոստիկանությունը պահելու են առընթեր մարմին, եւ ստեղծելու են ՆԳՆ»: Հստակեցնելով իր միտքը` պարոն Ջհանգիրյանը նշում է` երբ ասում է ոստիկանություն, նկատի ունի քրեական հետախուզության գործառույթի առանձնացում` որպես ինքնուրույն կառույց. «Մնացած ծառայությունները այդ նույն ՆԳՆ-ին կարող են տալ` ԶԱԳՍ-ը, անձնագրային բաժինը, երթեւեկության ծառայությունը, համայնքային ոստիկանությունը, որն ուղղակի կարգուկանոն պետք է պաշտպանի»: Արդյո՞ք կառուցվածքային այս փոփոխությունների պատճառը կադրային սովն է: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ուրույն մեկնաբանություն ունի. «Եթե սով է, հենա բոլորին ազատենք, թող լինի մեկ նախարար, կլինի աշխարհի ամենալավ տղա-նախարարը, եւ թող զբաղվի բոլոր գործերով: Ի՞նչ ենք անում ՆԳՆ, թող լինի գործերի նախարարություն: Սովը կարելի է էդպես հաղթահարել»: ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը կառավարության որոշումը համարում է բարեփոխում. «Սա գործընթաց է եւ ժամանակի ընթացքում կգնա: ԵՏՄ-ի պահանջ գոյություն չունի»: