Զբոսաշրջիկների վարքից է երևում, թե որ երկրից են (տեսանյութ)
Աշխարհի շատ երկրներում կան կանոններ, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր զբոսաշրջիկ, հակառակ դեպքում նրան սպասվում է տուգանք, մինչև անգամ՝ ձերբակալություն։ Օրինակ՝ չի կարելի հասարակական վայրում ծխել, ալկոհոլ օգտագործել, համբուրվել։ «Բայց մեր երկրում ընդհանրապես ոչ մի տեսակի սահմանափակում չկա»,- շեշտում է տուր-մենեջեր Արսեն Ջոմարդյանը։ Նա տուրիզմի ոլորտում աշխատում է արդեն չորս տարի։ Աշխատանքը թույլ է տվել շփվելու ամենատարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների հետ, ինչը նպաստել է որոշակի կարծիքի ձևավորմանը։ «Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի մեծահասակները չափազանց լավ տուրիստներ են։ Վատ առումով կարող եմ առանձնացնել լեհ, ուկրաինացի և ռուս տուրիստներին։ Նրանք կարող են գալ Հայաստան ու թույլ տալ իրենց որոշակի անկարգություններ ռեստորաններում»,-նշում է Արսեն Ջոմարդյանը։ Նա հիշում է ռուս զբոսաշրջիկի արարքը, ով Գառնիի տաճարի հարավային պատին ներկերով գրառում էր արել՝ «Աշխարհում կուռքը ոչինչ է»։ Տուր-մենեջերն ասում է՝ ոլորտի պատասխանատուները պետք է տեղադրեն տեսախցիկներ և հսկեն պատմամշակութային հուշարձանները, նման դեպքերն արագ կանխելու համար։ Մշակույթի նախարարությունում տեղյակ են, որ օտարերկրացի զբոսաշրջիկները հաճախ անվայել արարքներ են թույլ տալիս։ Այսօր՝ Պատասխանատու տուրիզմի օրը, Մշակույթի փոխնախարարը ցավով մի այլ փաստ է արձանագրում՝ հիշելով կրկին Գառնիի դեպքը։ «Նույն բանը կարող է նաև տեղացին անել և հաճախ այդպես էլ արվում է»,-ասում է Արև Սամուելյանը։ Նախարարությունում նշում են, որ հուշարձանների պղծման դեպքերից հետո խստացվել են վարչական պահանջները։