Հայաստանից 6 բռնցքամարտիկ շարունակում է պայքարը
Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի 12 պատվիրակներից պայքարը շարունակում են վեցը: Մրցումային 4 օրվա ընթացքում պայքարից դուրս են մնացել 46 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, Արման Անտոնյանը (50 կգ), Սարգիս Մարգարյանը (54 կգ), Գեւորգ Հարությունյանը (57 կգ), Արման Սիմոնյանը (60 կգ) եւ Հայկ Հովհաննիսյանը (70 կգ): Մրցանակային տեղերի համար շարունակում են պայքարը 48 կգ քաշային Վահե Բադալյանը, Մնացական Հարությունյանը (52 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (66 կգ) եւ Վան Մելքումյանը (75 կգ), որոնք արդեն հասել են քառորդ եզրափակիչ եւ հաղթանակի դեպքում նվազագույնը կարժանանան բրոնզե մեդալի: Իսկ ահա մեր գերծանր քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը արդեն մտել է կիսաեզրափակիչ եւ պայքար է մղում ավելի ազնիվ մետաղների` ոսկու եւ արծաթի համար: Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մենամարտերը: Վահե Բադալյանը կմրցի իտալացի Կարմելո Վելֆի հետ, Մնացական Հարությունյանը` ռուսաստանցի Ալբերտ Ռադիոնովի հետ: Ռուսաստանի ներկայացուցիչների հետ կհանդիպեն նաեւ Արտուշ Հովսեփյանն ու Գուրգեն Մադոյանը` համապատասխանաբար Իսա Եվլոեւի եւ Ալեքսեյ Սիմիկինի հետ: 75 կգ քաշային Վան Մելիքյանի մրցակիցը ռումինացի Քրիստիան Ֆլորինն է: