Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը պատրաստ է մրցել ցանկացածի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-artur-abraham

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ ծանր մենամարտից հետո իր արձակուրդն անցկացնում է Հայաստանում: «Այս անգամ երեք շաբաթով եմ եկել Հայաստան: Կոնկրետ ծրագրեր չունեմ, պարզապես հանգստանում եմ եւ վայելում ազատ ժամանակս: Վերջին հաշվով, տարվա ութ ամիսն անցկացնում եմ տանից հեռու, սնվում եմ ռեստորաններում, ինչն այնքան էլ հաճելի չէ մարդու համար», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: Առաջիկա մենամարտը Արթուր Աբրահամը պետք է անցկացնի 2015 թվականի հունվարի վերջին: Մրցակիցը դեռ հայտնի չէ, սակայն մեր հայրենակիցը պատրաստ է մենամարտել ցանկացած բռնցքամարտիկի հետ: «Փոլ Սմիթը, որին վերջերս եմ հաղթել, ռեւանշ-մրցամարտ է պահանջում: Ինքս դեմ չեմ, սակայն դա պետք է որոշեն մեր պրոմոութերները: Պատրաստ եմ մրցել Շտիգլից – Շտուրմ մրցամարտի թե՛ հաղթողի, թե՛ պարտվողի հետ, անգամ ամերիկացի Ուորդի հետ, ում պարտվել եմ ԱՄՆ-ում կայացած մարտում», - նշեց Արթուր Աբրահամը: Գնահատելով Հայաստանի բռնցքամարտի ներկայիս վիճակը, փորձառու մարզիկն ասաց, որ մեզ մոտ կան լավ բռնցքամարտիկներ, որոնք առաջիկայում կարող են մեդալներ նվաճել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ 2016թ օլիմպիական խաղերում: «Օլիմպիական խաղերում շատ դժվար է հաղթելը, քանի որ մրցումներին մասնակցում են բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկները եւ մեծ դեր են խաղում ներքին ծանոթությունները, կապերը: Ամեն ինչ որոշվում է համակարգիչներով, եւ հնարավոր է՝ ձեռքի մեկ հարվածով փոխել արդյունքը», - ասաց աշխարհի չեմպիոնը: Ի դեպ, Արթուր Աբրահամն իր միջոցներով մարզագույք է ձեռք բերել Հայաստանի մեծահասակների հավաքականի համար, որը շուտով Գերմանիայից կհասցվի Հայաստան: