«Հին Էրիվան»-ի սեփականատերը կրիչ է ուղարկել Գլխավոր դատախազին
«Հին Էրիվան Հոլդինգ»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը դիմում է ՀՀ գլխավոր դատախազ պարոն` Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ձեզ եմ ներկայացնում` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01 եւ 29.08.2014 թվականին կայացրած թիվ` ԵԿԴ/090/04/13 «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով տեղի ունեցած դատական նիստի կրիչը, որտեղ «Յունիբանկ» ՓԲԸ-ի և Վ. Աթայանի ներկայացուցիչ` Հայկ Հարությունյանը դատաքննության ընթացքում, դատարանին հայտնել է մասնավորապես հետեւյալը, մեջբերում եմ նշված դատական նիստի արձանագրությունից. ««Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ` Նիկոլայ Հակոբյանի հարցը ուղղված «Յունիբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանին. -2011թ. մայիսի 25-ին՝ մենք ամրագրեցինք, որ վճարումները կատարվել են Բանկի նախաձեռնությա՞մբ: Հայկ Հարությունյան-Բանկի նախաձեռնությամբ և աշխատակցի միջոցով ոչ ավտոմատ ռեժիմով: Նիկոլայ Հակոբյան-Վճարման համաձայնագրերը կատարվել են համակարգչային ծրագրի համապատասխան թե՞ ոչ: Հայկ Հարությունյան-Ուրեմն ինչ է նշանակում համակարգչային ծրագրի համապատասխան: Նիկոլայ Հակոբյան-Այսինքն համակարգչային ծրագրով հաշվարկվող վարկային պարտավորվածությունները: Հայկ Հարությունյան-Ոչ, Ոչ, Ոչ… քանի որ ինչպես ես մատնանշեցի Բանկի ղեկավարությունը Մանվել Տեր-Առաքելյանի հետ եկել է ջենտլմենական պայմանավորվածության՝ Բանկի ղեկավարությունը հանձնարարել է բանկի աշխատակցուհուն, որպեսզի համապատասխան կատարվեն գանձումները այն չափով, որոնք որ նախատեսված են եղել չկնքված համաձայնագրերով և այդ ձեւակերպումները տրված են եղել:» Այժմ մեջբերում եմ` 23.06.2014 թվականին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ` ԵԿԴ/0060/11/14 դատական նիստի արձանագրությունից Վ. Աթայանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի ելույթից հատված. «... այդ համաձայնագրերը, որոնց վրա պնդել է ընկերությունը և Մանվել Տեր-Առաքելյանը, այդ համաձայնագրերը երբեւիցե կնքված չեն եղել:...»: Նշվածից հետևում է, որ Հ. Հարությունյանը դատարանին հայտնում է այն մասին, որ բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը չունենալով «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիր, այնուամենայնիվ բանկի օպերատորին, անձամբ, ցուցում է տվել ընկերության հաշվից գանձումներ կատարել չկնքված համաձայնագրերով եւ օրինական ուժ չունեցող, ջենտլմենական համաձայնության վրա։ Ակնհայտ է, որ Վարդան Աթայանը իրավունք չուներ կիրառել չկնքված որեվէ համաձայնագիր, և իր պաշտոնական լիազորությունները չարաշահելով բանկի օպերատորին պարտադրել, որպեսզի վերջինս շեղվի համակարգչային ծրագրով նախատեսված համաձայնագրերի դրույքաչափերից և գանձում կատարի, հատուկ խոշոր հումար 32.000.000-ից ավելի։ Բանկի համապատասխան աշխատակցուհուն նշված ցուցումը տալով Վարդան Աթայանը իր լիազորությունները օգտագործել է բանկի շահերին հակառակ, նշված` ապացույցի հետազոտման և գնահատման արդյունքում հնարավոր է, որ հիմնավորվի այն հանգամանքը, որ Վարդան Աթայանի գործողություններում առկա լինի հանցագործության հանցակազմի հատկանիշներ: Փաստորեն իմ կողմից վկայակոչած ապացույցը էական նշանակություն ունի Վ Աթայանի գործողություններին օբյեկտիվ գնահատական տալու համար, ուստի խնդրում եմ Ձեզ՝ Ձեր անմիջական ցուցումով քննության առարկա դարձնել իմ կողմից մատնանշված ապացույցները եւ եթե արդյունքում հիմնավորվի, որ Վ. Աթայանի գործողություններում առկա է քրեորեն պատժելի արարք, ապա լուծել Վարդան Աթայանին` քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Կից ներկայացնում եմ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01 եւ 29.08.2014 թվականին կայացրած թիվ` ԵԿԴ/090/04/13 «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով տեղի ունեցած դատական նիստի կրիչը»: Կանխավ շնորհակալ եմ ԴԻՄՈՂ` Մ. Տեր-Առաքելյան