10 հրաձգարանից մնացել է երկուսը
Այն, թե ինչպիսի կորուստներ է կրել հրաձգություն մարզաձեւը Հայաստանի անկախացման ընթացքում, այսօր տեղեկացրեց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Խորհրդային տարիներին Երեւանում գործում էին 10 հրաձգարաններ, իսկ ներկայումս մնացել է երկուսը: Մեկական հրաձգարան կան Լոռիի եւ Շիրակի մարզերում, ընդ որում Գյումրիում այն սեփականաշնորհված է եւ մարզվելու համար մարզիկները պետք է գումար վճարեն» - նշեց մասնագետը: Հայկական հրաձգության խնդիրներից են նաեւ սուղ ֆինանսական միջոցները, զենք-զինամթերքի պակասը: Ինչպես տեղեկացրեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, իրենք բանակցություն են վարում ՀՀ պաշտպանության նախարարության հետ` վերջին խնդիրը լուծելու համար: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա կառավարությունը ֆեդերացիային տարեկան տրամադրում է 26 մլն դրամ, որը բավարարում է միայն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին 3-4 հոգով մասնակցելու համար, իսկ միջազգային մրցաշարերին հանդես գալը երազանք է յուրաքանչյուր հրաձիգի համար: Չնայած սուղ պայմաններին եւ բազմազան խնդիրներին, մեր երիտասարդ եւ պատանի հրաձիգները այս տարի տարբեր մրցաշարերում նվաճել են 8 մեդալ, այդ թվում մեկ ոսկի, երկու արծաթ եւ հինգ բրոնզ: Ինչպես ասաց Սեյրան Նիկողոսյանը, դա զարմանք է առաջացրել մեր սպորտային այրերի մոտ, բայց ոչ` հրաձգության ֆեդերացիայում: «Մեր ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի, մարզադպրոցների տնօրենների եւ մարզիչների կողմից տարված ճիշտ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք ցույց տալ նման բարձր արդյունքներ, ինչը զարմացրել է անգամ մեր հարեւան Թուրքիայի հրաձգության պատասխանատուներին: Ցավոք, ֆինասական միջոցների պակասը մեզ թույլ չի տալիս ավելի մեծ հաջողությունների հասնել», - եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը: Մեր այն հարցին՝ արդյոք ՀՀՖ-ն համագործակցում է մեր նախկին չեմպիոնների հետ, փորձի փոխանակման առումով, Արեգ Սարիբեկյանը ասաց. «Ֆեդերացիայի նախագահը նման առաջարկությամբ դիմել է օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանին, բայց վերջինս չի արձագանքել»։