Իդեալական պայմաններ Երեւանում՝ օձերի ու կարիճների համար (տեսանյութ)
Հայաստանում էկոհամակարգի նկատմամբ մոտեցման բացակայության հետեւանքով են գայլերը կատաղել եւ հարձակվում ընտանի կենդանիների վրա։ «Մենք իրենց կենսական տարածքն ենք վերցրել եւ սննդային բազան վերացրել»,- Տարրերային աղետների վտանգների նվազեցման միջազգային օրը հայտարարեց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով՝ Երեւանում օձերն ու կարիճներն են ավելացել, քանի որ կանաչ տարածքների փոխարեն շենքը շենքի հետեւից է կառուցվում, եւ իդեալական պայմաններ են ստեղծվում նրանց համար: «Միայն Երեւանի արվարձաններում 29 հանք է գործում: Այսօր Երիտասարդական պալատի տեղում քարհանք է, եւ եթե ընդերքը քանդենք, արձագանք պետք է լինի, եւ դրա համար էլ ավելացել են սողանքները»,- նշեց բնապահպանը: Երկրաբան Ռուբեն Յադոյանը հիշեցնում է՝ այս ամենը մարդու ազդեցության հետեւանք է, եւ պետք է այդ ուղղությամբ աշխատել: «Պետք է տեր կանգնող լինի եւ վաղն ավելի ուշ կլինի: Ահագին տարածքներ դառնալու են անապատ, եւ սխալն ամեն օր կրկնվում է»,- ասաց նա: ՄԱԿ-ի բոլոր կառույցները արձանագրել են՝ աշխարհում աղետները գնալով աճում են՝ եւ քանակի, եւ ուժգնության առումով, զոհերի, տուժած մարդկանց քանակը եւ տնտեսության վնասները։ Եթե նախկինում աղետների քանակը կրկնապատկվում էր 10 տարին մեկ անգամ, հիմա՝ 3-4 տարին մեկ անգամ: