Բակո Սահակյանն ընդունել է երեւանյան հյուրերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է նախօրեին Երեւանում իր աշխատանքներն ավարտած Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մոտ հինգ տասնյակ մասնակիցների: Նախագահ Սահակյանը կարեւորել է նրանց այցելությունը մեր հանրապետություն՝ ընդգծելով հայագիտական ուսումնասիրություններում Արցախի դերն ու նշանակությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր երկրների գիտական շրջանակների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը՝ այն համարելով գիտամշակութային հարաբերությունների զարգացման առանցքային ուղղություններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ