Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոհարար» Շալանդն ընդդեմ «դիվանագետ» Ադվոկատի

Սպորտ
shaland

Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի երկրորդ ընտրական հանդիպումը Եվրոպայի 2016 թվականի առաջնության շրջանակում: Մեր ընտրանին սեփական դաշտում կհյուրընկալի Սերբիայի ազգային թիմին, որն առաջին տուրում չնայած խաղացել է Ֆրանսիայի հետ, սակայն ոչ-ոքի՝ 1:1 արդյունքը միավոր չի տվել, քանի որ ֆրանսիացիները որպես առաջնության կազմակերպիչներ հաշվարկից դուրս են հանդես գալիս: Երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը իրեն համեմատել է խոհարարի, իսկ իր սաներին՝ մթերքների հետ. «Կարելի է ասել, որ ես խոհարար եմ ու պետք է լավ կերակուր պատրաստեմ: Եթե ես իմ տրամադրության տակ ունենայի խավիար, լոբստեր ու փափուկ միս, ապա հիանալի հարսանեկան աղցան կարող էի պատրաստել: Սակայն ունեցած մթերքներով էլ կարելի է հիանալի ապուր պատրաստել» - շվեյցարացի մասնագետի խոսքերը մեջբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատը, նման համեմատություններ չի կատարել, քանի որ նա արդեն մեկ անգամ եղել է Երեւանում եւ արդեն որոշ չափով ծանոթ է Հայաստանի ընտրանու «խոհանոցին». «Հայաստանը լավ թիմ է, ինչը վկայում է անցած տարվա Չեխիայի եւ Իտալիայի հետ խաղերը: Չնայած մրցակցի կազմում բացակայելու են մի քանի առաջատար խաղացողներ, սակայն այն հանդես է գալիս սեփական դաշտում եւ լուրջ մտադրություններ ունի» - Դիկ Ադվոկատի խոսքերը ներկայացնում է Սերբիայի ՖՖ-ի կայքը: Բուքմեյքերների կարծիքով Հայաստան – Սերբիա խաղում «հարսանեկան աղցան» պատրաստելու մեծ հնարավորություն ունի Սերբիայի հավաքականը, որի հաղթանակը գնահատում են 1,71 գործակից, իսկ Հայաստանինը՝ 5,20: