Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկուսացում ԼՂՀ-ի՞ց. ինչ է արել կառավարությունը 4.5 մլրդ դոլարի վարկը (տեսանյութ)

Քաղաքականություն
a87668ec8293aaf9ede521f35cc21f4b

Ի՞նչ է արել կառավարությունը օտարերկրյա պետություններից եւ միջազգային ֆինանսական կառույցներից ստանալով 4.5 մլրդ դոլարին համարժեք վարկը։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պահանջում է, որ կառավարությունը ներկայացնի, թե ինչպիսի տնտեսական արդյունավետություն է եղել։ Արամ Սարգսյանը համոզված է, որ այդ վարկերից որեւէ մեկը չի ծառայել երկրի տնտեսության զարգացմանը. «Մենք համոզված ենք, որ այդ գումարները մսխվել են, գողացվել են, ֆիննախում կան գրանցված վարկեր, որոնց հետքը չկա ընդհանրապես, չեն էլ իմանում՝որտեղ են այդ գումարները»։ Դեմկուսի նախագահը նկատում է, որ այս ամենի համար պատասխան պետք է տա նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նաեւ կարծում է, որ ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջագրում վարկերի հարցը առաջնահերթ պետք է լիներ։ Ու կառավարությանը այս պահանջն ուղղվեր. «Փոխեք ձեր վարկ վերցնելու քաղաքականությունը, քանի որ հարիր չէ հայ ժողովրդին ունենալ պետություն, որը համարվում է սպասարկող երկիր»,-ասաց Արամ Սարգսյանը։ Նա անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որ վերաբերում էր արձանագրություններին։ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում արձանագրությունների հետկանչը, իսկ Սերժ Սարգսյանի օգտագործած՝ «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունն այսպես է գնահատում. «Ընդունված չէ դիվանագիտական ասպարեզում այդպիսի արտահայտություն անել։ Գուցե որոշել է նորույթ մտցնի այս ամենի մեջ»։ Շրջանառվող փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ լինելը չի բացառվում, սակայն Արամ Սարգսյանը վստահ է. «Դա անհնար է, որովհետեւ դա կլինի մեկուսացում ԼՂՀ-ից»։