Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունների հետ խոսում են ֆուտբոլային լեզվով՝ կարմիր քարտով

Տնտեսություն
osipyan

«Այս իշխանություններին ցույց ենք տալիս կարմիր քարտ, որը նշանակում է , որ հեռացեք ձեր պաշտոնից, նրանք ֆուտբոլ են շատ սիրում, ֆուտբոլային քաղաքականություն են որդեգրել, մենք էլ իրենց հետ խոսում ենք իրենց լեզվով` կարմիր քարտը դա է նշանակում` «դուրս եկեք խաղից»: Սա մեր երկիրն է, իսկ նրանք մեզ ստիպում են արտագաղթել էստեղից, դա է նրանց ուզածը »,- վրդովված բողոքում են ցուցարարները կառավարության շենքի մոտ։ Այստեղ են «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները։ «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում նախաձեռնության անդամները նշեցին, որ սա հակաօրինական եւ հակամարդկային օրենք է, նպատակ ունի ճզմելու փոքր ու միջին ձեռնարկատերերին։ Նրանք նշում են, որ կառավարությունը առաջին հերթին պետք է «ստվերից» հանի օլիգարխներին, եւ բոլոր այն բարձրաստիճան չինովնիկներին, ովքեր նրանց համոզմամբ ազատված են հարկերից, եւ պետք է նրանց պարտադրեն, որպեսզի այդ օրենքը կիրառվի նրանց բիզնեսների նկատմամբ, ոչ թե մանր ու միջին ձեռնարկատերերի, որոնց համար այս նոր օրենքը դառնալու է գլխացավանք։ Կառավարությունից դեռեւս ոչ մի պաշտոնյա չի իջել ու չի հանդիպել ցուցարարների հետ։ Պաշտոնյաները միայն գալիս- անցնում են ցուցարարների կողքով։ Տարածքում կան բազմաթիվ ոստիկաններ։ Եկավ նաեւ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հորդորում էր ցուցարարներին պահպանել կարգը : Այնուհետ Օսիպյանը զրուցում էր ոմն Ասլանյանի հետ, ով չցանկացավ նշել իր պաշտոնը, բավարարվելով միայն ասելով, որ հավաքվածները իրեն ճանաչում են , սակայն ցուցարարների խոսքերով` իրենք տեղյակ չեն , թե ով է այդ անձը, որ եկել է և փորձում է խաթարել իրենց բողոքի ակցիան: Վերոնշյալ անձը հայտարարեց ցուցարարներին , որ ակցիան տեղափոխում են սեպտեմբերի 30-ին, Ազատության հրապարակ , ինչն էլ ավելի բորոբոքեց ակցիայի մասնակիցներին : «Ով եք դուք, ինչ իրավունքով եք խափանում մեր բողոքը: Որ սեպտեմբերի 30-ին եք տեղափոխում, բա որ հոկտեմբերի 1-ից գալու են գույքագրման , էդ դեպքում ինչ ենք մենք անելու: Պահանջում ենք, որպեսզի վարչապետը իջնի»,- բղավում էին նրանք: