Քրիստիան Լաուերի վերջին մրցելույթը Աշխարհի առաջնությունում
Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգության «Աշխարհի 51-րդ առաջնությանը», որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016 թ օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդների տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի առաջնությունն» հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո 2016-ի օլիմպիական ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու: Սեպտեմբերի 12-ին Քրիստիան Լաուերը մասնակցեց «Աշխարհի առաջնությունում» իր վերջին մրցելույթին` 50մ, հրացան` 3 դիրքից (ծնկած, պառկած, կանգնած) վարժությանը: Նախնական փուլում մարզիկները բաժանված են եղել 2 խմբի: Լաուերը 46 մրցակիցներից 1136 միավորով զբաղեցրել է 34-րդ տեղը և չի կարողացել անցնել որակավորման փուլ: Ծնկած դիրքից խոցել է 371 միավոր, պառկած՝ 388 և կանգնած՝ 377 միավոր: Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, մեր ողջ թիմը կհանգստանա և մրցելույթները նոր ուժով կշարունակի սեպտեմբերի 14-ին. Լիլիթ Մկրտչյանը կմրցի 10մ, վազող թիրախ՝ խառը վազք վարժությունում, նույն վարժության տղաների թիմային և անհատական պայքարում կմրցեն Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը և Հովհաննես Խաչատրյանը, իսկ Հրաչիկ Բաբայանը կմասնակցի 10մ, օդամղիչ հրացան վարժությանը: Մեկ բառով ասած, սեպտեմբերի 14-ին մրցասպարեզ դուրս կգա հայկական «ծանր հրետանին»: «Աշխարհի առաջնությանը» Հայաստանը ներկայացնում են մարզիկներ Զավեն Իգիթյանը և Սևակ Արշակյանը՝ ատրճանակ ձևում, Հրաչիկ Բաբայանը և Քրիստիան Լաուերը՝ հրացանում, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Հովհաննես Խաչատրյանը և Շանթ Սարգսյանը՝ վազող թիրախում: Բացի Քրիստիան Լաուերից, բոլորը պատկանում են երիտասարդական տարիքային խմբին: Մեր մարզիկները մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ: «Աշխարհի առաջնության» մրցելույթներին անձամբ հետևում և իր ներկայությամբ մազրիկներին ոգևորում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ում նախագահությամբ հայ հրաձգային սպորտը մեծ վերելք է ապրում: Նման ուժեղ հավաքական Հայաստանն ունեցել է ԽՍՀՄ-ի օրոք. Միջազգային կարգի սպորտի վարպետներ՝ Քրիստիան Լաուեր, Հրաչիկ Բաբայան՝ «Պատանեկան օլիմպիական խաղերի» փոխչեմպիոն, Սպորտի վարպետներ՝ Զավեն Իգիթյան՝ «Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն», Լիլիթ Մկրտչյան՝ «Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր», Ռազմիկ Մինասյան և Շանթ Սարգսյան (Սպորտի վարպետի թեկնածու) ՝ «Եվրոպայի երիտասարդների առաջնության» թիմային կրկնակի բրոնզե մեդալակիրներ: Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր մարզիկներին: Մրցելույթներին կարող եք հետևել Հրաձգային սպորտի միջազգային ֆեդերացիայի կայքում http://www.issf-sports.org/ ՀՀՖ մամուլի կենտրոն