«Արփինե ջան, չստեղծենք պատրանք, թե հարցը լուծել ենք». քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում, խոսելով «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծի մասին, որ վերաբերում էր արագաչափերի եւ կարմիր գծերի խախտումմների դեպքում տուգանքների ծանուցումներն անձամբ ներկայացնելուն, հիշեց հայտնի մուլտֆիլմից հատված՝ ոչնչին չի փոխվել, միայն թղթատարությունն է շատացել: Ըստ նրա՝ նախագծում կան կետեր, որոնցով հնարավորություն է ստեղծվում պատասխանատվության ենթարկել անգամ մահացած մարդուն. «Կամ էլ ընդհանրապես հաշվի չի առնվում, թե ինչի համար է անձը խախտումը կատարել. միգուցե նա կյա՞նք է փրկել, դրա համար է խախտում արել: Միայն 2013թ. ընթացքում մեկուկես մլն դրամի տուգանք է հավաքագրվել, դա կազմում է 4 110 վարչական ակտ, ստացվում է՝ ամեն 4-րդ մեքենա խախտում է անում: Ձեր կարծիքով՝ հայ վարորդները միշտ հարբա՞ծ են լինում: Ակնհայտ հակասություններ ունենք օրենքում: Կամ՝ ինչպես եք պատկերացնում եռօրյա ժամկետում քաղաքացուն ծանուցում. Դա անհնարին է: Եթե լուծում եք ինչ-որ հարց, լուծեք ըստ էության, Արփինե ջան, չստեղծենք պատրանք, թե հարցը լուծել ենք»: