Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ըմբիշները անհաջող մեկնարկեցին Տաշքենդում

Սպորտ
sport-ymbshamart

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները անհաջող սկսեցին ելույթները Տաշքենդում մեկնարկած աշխարհի առաջնությունում։ Այսօր մրցասպարեզ մտած մեր երեք ըմբիշները պարտություն կրեցին։ 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը 1/16 եզրափակիչում 0։7 ընդհանուր հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող իր հայրենակից Միկոլա Այվազյանին։ 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը առաջին փուլում 3։1, 9։1 հաշվով առավելության հասավ չինացի Յունֆեյ Գուիի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակիչում զիջեց Թոմաս Միրաբլին՝ 2։3, 1։4։ Այժմ Գրիգոր Գրիգորյանը պետք է հուսա, որ ամերիկացին մտնի եզրափակիչ, որպեսզի ինքը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստանա։ Մեր 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը արդեն առաջին մենամարտում պարտվեց բուլղարացի Միխայիլ Գանեւին՝ 3։3, 1։5։ Վերջինս հաղթահարեց նաեւ հաջորդ փուլը, և եթե հասնի եզրափակիչ, ապա մեր ըմբիշը կպայքարի 3-րդ տեղի համար։