Շախմատային խճանկար
Հայաստանի շախմատիստներն այս օրերին մասնակցում են բազմաթիվ մրցաշարերի: Բարսելոնայում ընթացող Սենտ Մարտի մրցաշարում մեր գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը մեկնարկային երեք տուրերում տարել է երեք անընդմեջ հաղթանակ եւ վեց առաջատարներից մեկն է: Նրանից կես միավոր քիչ ունի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Վարշավայում անցկացվող Մ.Նայդորֆի հուշամրցաշարում երեք տուրից հետո Հրանտ Մելքումյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ բաժանում են 2-14-րդ տեղերը: Փոթիում տեղի ունեցող Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում վստահ են մեկնարկել գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Գեւորգ Ալավերդյանը, որոնք 4,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Հունական Ռետիմոյում հանդես եկող գրոսմայստեր Գեորգի Արզումանյանը հինգ հնարավորից վաստակել է 3,5 միավոր եւ գտնվում է 23-րդ հորիզոնականում: