Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրական փոփոխություններն ու «հեռացող» նախագահը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
president-6

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը նույնիսկ Անկախության հռչակագրում է տեսնում կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու պահանջ։ «Հռչակագրի ամբողջ բովանդակությունը մի քանի հոդվածներով վկայում է, որ խորհրդարանական կառավարման ձեւը պիտի ընտրվի»,-ասաց նա։ Պարոն Բալայանը առանձնացնում է, մասնավորապես հռչակագրի 12-րդ եւ 3-րդ կետերը, որոնցում Սահամանդրությունը փոփոխության ենթակա է եւ Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունք է վերապահում միայն Գերագույն Խորհրդին, անկախության առաջին տարիների խորհրդարանին։ Մենք. ըստ ՍԴ անդամի, չգիտես ինչու ընտրեցինք կիսանախագահական համակարգը. «Իրավական ձեւը կլիներ նա, որ բռնեին հռչակագրում փոփոխություն մտցնեին, ոչ թե հռչակագրի վրա հենվելով հռչակագրին հակառակ կառավարման ձեւն ընտրեին»։ Պատերազմական դրության մեջ գտնվող երկիր էր,-ասում է Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը,-դրա համար իշխանությունն այն ժամանակ ընտրեց կիսանախագահական համակարգը. «Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար կենտրոնացված իշխանություն ունենալը շատ ավելի ընդունելի կլիներ»։ Թեպետ պատերազմի սպառնալիքն իրական է, սակայն, ըստ պարոն Դանիելյանի, կիսանախագահական համակարգն արդեն պարտադիր չէ որոշում կայացնելու համար։ Հիմա, ըստ նրա, 93-94 թվականների համեմատ երկիրն ավելի կայացած է։ «Կառուցակարգերն արդեն ձեւավորման այնպիսի փուլում են գտնվում, որ պարտադիր չէ, որ այսօր մենք ունենանք ուժեղ նախագահ, որ կարողանա պատերազմական իրավիճակում որոշումներ կայացնի»,-ասաց նա։ Կիսանախագահական համակարգն իրեն սպառել է ժամանակակից Հայաստանում,-ասում է պարոն Դանիելյանը։ Խորհրդարանական կառավարմանը պարոն Դանիելյանը դեմ չէ, բայց այն պետք է լուծի ամենաէականը. «Չլինի անվերապահորեն քաղաքական մեծամասնություն»։ Խորհրդարանական կառավարման անցնելու իմաստը, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, Հանրապետականի մենիշխանությունը երկարացնելն է. «Դրա համար ազնվորեն կլինի ուղղակի ամրագրել, որ ՀՀ-ն ղեկավարում է, ինչպես ԽՍՀՄ ժամանակ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»։ Սահմանադրական փոփոխություններն, Արթուր Սաքունցի համոզմամբ՝ ոչ մեկին հետաքրքիր չեն։ Որովհետեւ իշխանությունը քաղաքական կամք չունի ինչ-որ բան փոխելու, ժողովուրդն էլ վստահություն չունի, որովհետեւ իր ոչ մի խնդրի պատասխանը այնտեղ չկա «Ռեժիմի կողմից խաղի կանոններն ավելի բարձր նշանակություն ունեն, քան թե Սահմանադրության մեջ ամրագրած կանոնները»,-ասաց նա։