Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` Բրազիլիա – Չիլի

Սպորտ
1151

Այսօր Բրազիլիա – Չիլի հանդիպումով կսկսվի ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ փուլը: Այսուհետ կգործի օլիմպիական մրցակարգը, այսինքն՝ պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից: Բրազիլիայի հավաքականը համարվում է այդ հանդիպման ընդգծված ֆավորիտը, քանի որ այն մի քանի առավելություն ունի իր մրցակցի նկատմամբ: Առաջինն այն է, որ բրազիլացիները հանդես են գալիս սեփական հարկի տակ: Երկրորդ, Բրազիլիայի հավաքականը շատ հաջող է խաղում Չիլիի հետ: Թիմերի վերջին 12 հանդիպումներից 10-ն ավարտվել է աշխարհի հնգակի չեմպիոնների հաղթանակով: Բրազիլացիները վերջին անգամ Չիլիին պարտվել են 15 տարի առաջ, 1999 թվականին: Երրորդ, աշխարհի նախորդ առաջնություններում երկու հավաքականները երեք անգամ հանդիպել են, եւ բոլոր դեպքերում էլ Բրազիլիան վստահ հաղթանակ է տարել` 4:2 (1962թ) , 4:1 (1998թ) եւ 3:0 (2010թ):   Խաղից առաջ բրազիլացիների մարզիչներին մտահոգում է այն, որ առանցքային կիսապաշտպան Պաուլինյոն թեթեւակի վնասվածք է ստացել եւ հնարավոր է չմասնակցի խաղին: Չիլիացիների կազմում կարող է բացակայեն հիմնական կազմի միամգամից երկու խաղացողներ` պաշտպան Գարի Մեդելը եւ կիսապաշտպան Արթուրո Վիդալը: Հյուրերին միաժամանակ նախապես մտահոգում է նաեւ մրցավարությունը, քանի որ նրանք կասկածներ ունեն, որ մրցավարները ամեն ինչ կանեն, որպեսզի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկիրը հաղթանակ տանի. որպեսզի էլ ավելի մեծանա բնակչության հետաքրքրությունը մրցաշարի նկատմամբ: Այսօր տեղի կունենա նաեւ 1/8 եզրափակիչի երկրորդ հանդիպումը: Միմյանց հետ կհանդիպեն Կոլումբիայի եւ Ուրուգվայի ազգային թիմերը: Հարավամերիկյան այս հակամարտությունում ֆավորիտ են համարում կոլումբիացիներին, որոնք խմբային փուլում տարել են երեք անընդմեջ հաղթանակ եւ ցույց են տալիս բավականին արդյունավետ ֆուտբոլ: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի հենց Բրազիլիա – Չիլի խաղի հաղթողի հետ: