Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ-ին տրամադրվող օգնությունը կարևորվեց Ներկայացուցիչների պալատում

Քաղաքականություն
image004

Երեկ, Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունեց 2015 ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և այլ հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը, որն իր մեջ ներառում է Միացյալ Նահանգների տնտեսական, մարդասիրական և ռազմական օգնությունը Հարավային Կովկասին,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսավորման չափերը չէին նախանշվել օրինագծում: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը նման էր Սենատի տարբերակին, որն հաստատվել էր անցած շաբաթ: Երկու օրինագծերն էլ պահպանել են Ազատության ակտի 907-րդ ուղղումը` վերահաստատելով հումանիտար և այլ աջակցությունների վեց ավանդական բացառությունները Ադրբեջանին: 907-րդ ուղղումը հաստատվել է 1992թ. և պահանջում է Ադրբեջանի կառավարությունից «զգալի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի նկատմամբ բոլոր շրջափակումների վերացման և ուժի այլ կիրառումների դադարեցման ուղղությամբ»: Այնուամենայնիվ, Սենատի զեկույցը, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, հատկապես կարևորեց Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսավորումը: Սենատի զեկույցում ասվում է. «Հանձնաժողովը առաջարկում է նախորդ տարիների գումարի չափով օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին, ինչպես նաև հակամարտությանն առնչվող ընթացիկ կարիքների համար»: «Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակական օգնության տրամադրումը կարևորագույն առաջնահերթություններից է», - Համագումարին հայտնեց սենատոր Մարկ Քիրքը, ով Սենատի Հատկացումների հանձնաժողովի անդամ է: Մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատի օրինագիծը` Հատկացումների հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը Համագումարին հայտնեց. «Ես հիասթափված եմ, քանի որ մենք չկարողացանք համաձայնության հասնել`ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար օգնության կարիքը: Մենք պետք է շարունակենք պայքարել այս աջակցության համար, քանի որ սույն օրինագիծը ընթանում է օրենսդրական գործընթացով` ապահովելով լավագույն հնարավոր արդյունքը մեր դաշնակիցներ Հայաստանի և Լեռանային Ղարաբաղի համար: Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և շարունակական հարձակումները, այս օգնությունը բացարձակ անհրաժեշտ է տարածաշրջանում ազատության, բարգավաճման և ինքնորոշման համար»: Ներկայացուցիչների պալատի և Սենատի 2015 ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերից յուրաքանչյուրը կազմել է մոտավորապես 48 մլրդ ԱՄՆ դոլար, որը մոտ 700 մլն-ով պակաս է 2014 ֆինանսական տարվա սահմանված մակարդակից, և 280 մլն-ով պակաս` 2015 ֆինանսական տարվա համար Նախագահի պահանջվածից: Վարչակազմի բյուջեն նախատեսում է անում տրամադրել 1.7 միլիոն ԱՄՆ դոլար Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) և 600.000 ԱՄՆ դոլար` Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) համար: Այս գումարը 1 մլն ԱՄՆ դոլարով պակաս է անցած տարվա բյուջեի պահանջից Արտաքին ռազմական ֆինանսավորման համար, սակայն Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման համար ֆինանսավորումը կայուն է անցած տարիների հետ համեմատ և պահպանված է ռազմական փոխադարձությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ի հավելում Արտաքին ռազմական ֆինանսավորման և Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման օգնության, Վարչակազմի 2015 ֆինանսական տարվա բյուջեն նաև առաջարկել է, որ Հայաստանը ստանա 20.7 մլն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցության ֆոնդերի համար (համեմատած 24.7 մլն ԱՄՆ դոլարի 2014 ֆինանսական տարվա պահանջի) և 1.7 մլն ԱՄՆ դոլար Թմրանյութերի միջազգային շրջանառության վերահսկման և օրենքի գերակայության ապահովման համար (համեմատած 2.8 մլն ԱՄՆ դոլարի 2014 ֆինանսական տարվա պահանջի): Վարչակազմը նաև զրոյացրել է առողջապահության ոլորտում տրվող օգնությունը: Ընդհանուր առմամբ, 2015 ֆինանսական տարվա բյուջեն տրամադրում է Միացյալ Նահանգների կողմից 24.7 մլն ԱՄՆ դոլար օգնություն Հայաստանին, որը 6.143 մլն ԱՄՆ դոլարով պակաս է Վարչակազմի 2014 ֆինանսական տարվա բյուջեի` 30.843 մլն ԱՄՆ դոլարի համեմատ: Այս տարվա սկզբին Համագումարը Ներկայացուցիչների Պալատի Հատկացումների հանձնաժողովին ներկայացրած իր հայտարարության մեջ կարևորեց Միացյալ Նահանգների կողմից Արցախին, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, և խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը Սիրիայում բնակվող հայերին և նրանց, ովքեր արտագաղթում են Սիրիայից: Բացի այդ, Համագումարը մատնանշեց նաև, որ անհասկանալի էր ներման շնորհումը ադրբեջանցի սպային, ով դաժանորեն սպանել էր հայ սպային ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժությունների ժամանակ, և կոչ արեց, որ ենթահանձնաժողովը դադարեցնի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին: «Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի` Հայաստանի շարունակական շրջափակումը և Ադրբեջանից աճող անվտանգության սպառնալիքները զուգորդված ադրբեջանցի մարդասպանին անբացատրելի ներման շնորհումով, ինչպես նաև մյուս տարածաշրջանային զարգացումները, Համագումարը կոչ է անում Կոնգրեսին ապահովել կայուն օգնություն Հայաստանին և Արցախին»,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Ավելին, Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումների հետ կապված` Համագումարը կոչ է անում Կոնգրեսին անհապաղ քայլեր ձեռնարկել` տեղի քրիստոնյա հայ համայնքնին հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով»: Այն բանից հետո, երբ նախագծերը կանցնեն համապատասխան բաժինների քննությունը, օրենսդրական գործընթացում հաջորդ քայլը կլինի Հատկացումների քննարկման հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի անդամները նախքան օրինագծի` Նախագահի վավերացմանն ուղարկելը, կներդաշնակեցնեն Ներկայացուցիչների Պալատի և Սենատի ներկայացրած տարբերակներում առկա տարբերությունները: Ամերիկայի հայկական համագումար