Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները` ազգային նվագարանների հնչյունների ներքո
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նարեկացի համույթը հանդես եկավ համերգային ծրագրով` նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին:
«Ժամանակակիցը» խորագրի ներքո ներկայացվեցին Ազնավուրի ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների համար, ինչը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և հոտնկայս ծափահարություններով:
Աշխարհի հայերից ամենահայի ստեղծագործությունները ազգային նվագարանների քաղցր հնչյունների միջոցով պարգևեցին ջերմություն և ապահովեցին բարձր տրամադրություն ողջ երեկոյի ընթացքում:
Նշենք, որ Ազնավուրի երգերի յուրահատուկ մատուցման գաղափարը Նարեկացի համույթին են նվիրել Պիեռ և Դիրան Բաղդադյանները:
Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին զուգահեռ համերգային ծրագրում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Ալթունյանի, Գևորգ Մանասյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունները: Մարիաննա Պողոսյանի կատարմամբ երեկոյի ընթացքում հնչեց շանսոնյեի ամենահայտնի գործերից մեկը` «Լա բոհեմը»:
Նարեկացի արվեստի միությունն այս փոքրիկ նախաձեռնությամբ շնորհավորում և շնորհակալություն է հայտնում աշխարհահռչակ Հային :
Հուլիսի 25-27-ին Նարեկացի համույթը նույն համերգային ծրագրով հանդես կգա նաև Արցախում, մասնավորապես Շուշիում, Ստեփանակերտում և Բերձորում:
Նարեկացի համույթը կազմավորվել է 2008 թվականին Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, ով այժմ հանդիսանում է համույթի գեղարվեստական ղեկավարը: Համույթն իր կարճ գործունեության ընթացքում հասցրել է իր ուրույն տեղը գտնել մեր մշակութային կյանքում: Այն կազմված է 21 երիտասարդ գործիքային և 3 վոկալ կատարողներից, որոնց մեծ մասը տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են:
Համույթն ապրում է բեղուն բեմական կյանքով: Մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում և Եվրոպայի տասնյակ քաղաքներում: Այժմ Նարեկացի համույթն ապրում է ակտիվ ստեղծագործական ընթացք` լի նոր գաղափարներով:
Նարեկացի արվեստի միություն