Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազային «հակամարտությունն» ու Պուտինի կոշտ հայտարարությունները

Քաղաքականություն
untitled1

Սերբիան ստիպված է կանգնեցնել «Հարավային հոսանք» ծրագրի աշխատանքները, քանի դեռ չեն ավարտվել բանակցությունները Բուլղարիայի, Ռուսաստանի և Եվրամիության միջև։ Ըստ սերբիական լրատվամիջոցների՝ այս մասին ասել է երկրի փոխվարչապետը։ Սակայն այս հայտարարությունից հետո Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել գազամուղի կառուցումը։ Հաղորդում է «Аргументы и Факты»-ն։ Նախօրեին ծրագրի դադարեցման մասին հայտարարել էր նաև Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին՝ պատճառաբանելով, որ բուլղարական կառավարությունը սպասում է Բրյուսելի որոշմանը։ Հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը ։ Հիշեցնենք, որ վերջերս Եվրոպական հանձնաժողովն առաջարկել էր դադարեցնել «Հարավային հոսանք» ծրագրի աշխատանքները, քանի դեռ այն չի համապատասխանել ԵՄ-ի ստանդարտներին և օրենքներին։ Այս ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող կամավոր հրաժարվել ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունից։ Գրում է «RT.com»-ը: «Իրավիճակը մշտապես բարդ է եղել»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ամեն ինչ հանդարտվում է միայն այն ժամանակ, «երբ «մարդասիրական օգնություն է ուղարկվում Ռուսաստան»,- բայց հենց որ Ռուսաստանը հզորանում է, իրավիճակը դառնում է անկայուն»։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ իրենք մշտապես կհամագործակցեն գործընկեր պետությունների հետ։ Շատ փորձագետներ Ռուսաստան-Եվրամիություն գազային «հակամարտությունը» կապում են Ուկրաինական ճգնաժամի հետ, նրանց խոսքերով՝ Եվրամիությունը փորձում է ճնշում գործադրել ՌԴ-ի վրա՝ ստիպելով Վլադիմիր Պուտինին հաշվի նստել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հիշեցնենք՝ 16 մլրդ եվրո արժողությամբ այս «Հարավային հոսանք» ծրագրով նախատեսվում է Սև ծովի հատակով անցնող գազատար խողովակաշար կառուցել։ Ռուս-իտալա-ֆրանսիա-գերմանական այս նախագծի աշխատանքները սկսվել են 2012թ.-ին և պետք է ավարտվեն 2015-ին։ Նախատեսվում է տարեկան 63 մլրդ խմ գազ մատակարարել այս խողովակաշարի միջոցով։ Ռուաստանին Ղրիմի միացումից հետո ԵՄ-ն նույնպես խոսեց ծրագրի դադարեցման մասին։