Մեր հրաձիգները՝ «Աշխարհի գավաթ»-ին
Հունիսի 4-13-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթանում են հրաձգության «Աշխարհի գավաթ»-ի խաղերը: Հունիսի 8-ին տեղի ունեցած մրցաձևերում մեր մարզիկները գրավել են հետևյալ տեղերը. Ազատ ոճի ատրճանակ, 50մ վարժությունում (60 կրակոց) ՝ Զավեն Իգիթյանը 50 մրցակիցներից 556 միավորով գրավել է 10-րդ տեղը և առաջին տեղին զիջել է 9 միավորով: 15-ամյա Զավենն այս մրցաձևի ամենակրտսեր մասնակիցն է: Ավելին, 50 մասնակիցներից և ոչ մեկը չի պատկանել երիտասարդական կամ պատանեկան տարիքային խմբին: Մասնակիցները բաժանված են եղել 2 խմբի, մյուս խմբում եղել է 49 մարզիկ: 2 խմբերից այսօր պայքարը կշարունակի 89 մարզիկ, այդ թվում նաև՝ Զավեն Իգիթյանը: Զավենի անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը: Օդամղիչ հրացան, 10մ վարժության (60 կրակոց) տղամարդկանց պայքարին մասնակցել է 131 հրաձիգ: Հաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանը 619.8 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 58-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 612.0 միավորով՝ 108-րդ տեղը: Օդամղիչ հրացան, 10մ վարժության (40 կրակոց) կանանց պայքարին մասնակցել է 146 հրաձգուհի: Մարիամ Միքայելյանը 403.9 միավորով գրավել է 119-րդ տեղը: Վերջիններիս անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Հայաստանի հրաձգության թիմը մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: «Աշխարհի գավաթին» մասնակցում է 96 երկրի 1292 հրաձիգ, այս մրցաշարին տարիքային բաժանումներ չկան, և մեր թիմի 3 երիտասարդները մրցում են մեծահասակների հետ: Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից 2-ը՝ Հրաչիկ Բաբայանը և Զավեն Իգիթյանը նվաճել են «Պատանեկան օլիմպիական խաղերի» ուղեգրեր: «Աշխարհի գավաթը» հարմար առիթ է հնարավորությունները նախապես գնահատելու, սխալները շտկելու և օգոստոսին Նանջինգում կայանալիք խաղերին լավ նախապատրաստվելու համար: