Բեռնար Շալանդը ցանկանում է փոխել մենթալիտետը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը Գերմանիայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ցանկանում է փոխել թիմի մենթալիտետը. «Ես ցանկանում եմ հասնել նրան, որպեսզի թիմը ոչ միայն հակագրոհի, այլեւ կարողանա հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Ճիշտ է, խելամիտ չի լինի Գերմանիայի հավաքականի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ: Պետք է կարողանալ լավ պաշտպանվել»: Շվեյցարացի մասնագետը, խոսելով Հայաստանի հավաքականի պաշտպանական գծի մասին, մատնանշել է, որ դժգոհ է ոչ թե առանձին պաշտպանների խաղից, այլ թիմի ընդհանուր պաշտպանական գործողություններից. «Լավ կլիներ, որ մեր պաշտպանները հնարավորություն ունենային տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ եւ հանդես գային արտասահմանում»: Բեռնար Շալանդը նաեւ հավելել է, որ իրեն դեռ ժամանակ է պետք ավելի լավ արդյունքների հասնելու համար, իսկ թե որքան, նա կոնկրետ ժամկետ չի նշել: Հիշեցնենք, որ Գերմանիա – Հայաստան ընկերական խաղը տեղի կունենա հունիսի 6-ին, Մայնցում, ժամը 22:45-ին: