Արտեմ Ասատրյանը՝ կուտակայինի մասին (տեսանյութ)
Որեւէ մեկը չպետք է վախենա պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար դիմում գրել՝ այսօր կառավարությունում վստահեցրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Ինչ վերաբերում է ահազանգերին, թե պետական հիմնարկների աշխատակիցների դիմումները չեն ընդունվում, դեռ ավելին՝ սպառնում են ազատել աշխատանքից, նախարարը նշեց. «Կա օրենք ընդունված. յուրաքանչյուր կողմ իր իրավունքները պետք է իրացնի, եւ եթե մենք տեղեկատվություն ունենանք կոնկրետ, կզբաղվենք այդ հարցով»,- նշեց Արտեմ Ասատրյանը։ Ի դեպ, այսօրվա կառավարության նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը եւ չի ընդունել։