Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիայի դեսպանը զարմացած է հայերի պասիվությունից (տեսանյութ)

Սպորտ
sport-brazilia-2014

Հայաստանում Բրազիլիայի լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին զարմացրել է այն փաստը, որ մեր երկրից ընդամենը 10 մարդ է ներկա լինելու 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է հունիսի 12-ին` նրա հայրենի երկրում: «Երկու հոգի «Ամերիա» բանկի կողմից կազմակերպված վիճակախաղի հաղթողներն են, մեկը կամավոր է, որը զբաղվելու է խաղերի կազմակերպչական հարցերով: Անշուշտ, սա շատ քիչ է, եթե համեմատենք ձեր հարեւան երկրներից, Ռուսաստանից ստացած հայտերը», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Բրազիլիայի լիազոր դեսպանը: Պարզվում է, որ Հայաստանի մեկ ֆուտբոլասերին անհրաժեշտ է նվազագույնը 10 հազար դոլար, որպեսզի նա կարողանա վճարի աշխարհի առաջնության հետ կապված բոլոր ծախսերը (խաղի տոմսեր, ճանապարհ, հյուրանոց, սնունդ եւ այլն): Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն նման բարձր գներին մեկ բացատրություն է տալիս. «Աշխարհի առաջնությունը կազմակերպում է ՖԻՖԱ-ն, այլ ոչ թե Բրազիլիայի կառավարությունը: Իհարկե, կան մարդիկ, որոնք օգտվելով լավ առիթից բարձրացնում են գները` մեծ շահույթներ ստանալու համար: Ես ինքս նման քայլի չէի դիմի» - դիվանագիտորեն նշեց բրազիլացի դեսպանը: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն համոզված է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իսկական տոնի կվերածվի, չնայած կան բրազիլացիներ, որոնք դեմ են մրցաշարի անցկացմանը. «Բողոքավորները ընդամենը հարյուր, նույնիսկ մի քանի տասնյակ հոգի են, իսկ Բրազիլիայում ապրում է 200 մլն մարդ: Մեր 3,6 մլն քաղաքացիներ արդեն ֆուտբոլի խաղերի տոմսեր են ձեռք բերել: Համոզված եմ, որ բրազիլացի ժողովուրդը իսկական տոնի կվերածի ֆուտբոլի այս առաջնությունը» - եզրափակեց Մոնտեյրոն: