Մեր ըմբիշները կմեկնեն Իտալիա
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները օրերս կմեկնեն Իտալիա, որտեղ մայիսի 29-31-ը կմասնակցեն Սասարի քաղաքում տեղի ունեցող միջազգային խոշոր մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը թիմի կազմում ընդգրկել է 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանին, 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւին եւ 97 կգ քաշային Էդգար Ենոքյանին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմ է հրավիրել 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանին, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին, 85 կգ քաշային Մաքսին Մանուկյանին ու Արթուր Շահինյանին, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանին: Ներկայումս մեր հավաքականները ուսհավաք են անցկացնում Ծաղկաձորում: