Հարություն Վարդանյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Հարություն Վարդանյանը Բուլղարիայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: 46 կգ քաշային կարգում մեր մարզիկը համոզիչ հաղթանակներ տանելով նախնական փուլերում, մտավ եզրափակիչ, որտեղ նա միայն տուգանային միավորներով առաջ անցավ ռուսաստանցի Վիկտոր Վեդերնիկովից: Մեր 63 կգ քաշային Արման Բաղդասարյանը նույնպես հաջողությամբ հաղթահարեց բոլոր նախնական արգելքները եւ հասավ եզրափակիչ, սակայն վճռական մարտում նա 2:10 հաշվով զիջեց վրացի ըմբիշ Նիկոլոզ Չիկաիձեին եւ արժանացավ արծաթե մեդալի: 54 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Էդգար Թամազյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 3:2 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Արթուր Տատարինովի նկատմամբ եւ դարձավ Եվրոպայի բրոնզե մդալակիր: Հավելենք, որ մեկ օր առաջ 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը առաջնությունում գրավել էր 2-րդ, իսկ 50 կգ քաշային Վահե Սարգսյանը` 3-րդ տեղը: Այդպիսով, Հայաստանը նվաճեց 5 մեդալ եւ թիմային հաշվարկով գրավեց 3-րդ տեղը` ետ մնալով Ռուսաստանից եւ Ուկրաինայից: