Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամ. «Ես լիովին պատրաստ եմ մենամարտին»

Սպորտ
sport1

34-ամյա հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, մայիսի 3-ին Բեռլինում կանցկացնի իր տիտղոսի` սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման պաշտպանության առաջին մենամարտը: «Արքա Արթուրն» այս անգամ իրեն մրցակից է ընտրել քիչ հայտնի, 35-ամյա չեռնոգորցի Նիկոլա Սյեկլոչային, որը արհեստավարժ ռինգում միակ պարտությունը կրել է անցած տարի սուպերմիջին քաշային կարգում WBC տարբերակով աշխարհի չեմպիոն, Ավստրալիան ներկայացնող կամերունցի բռնցքամարտիկ Սակիո Բիկիից: «Ես անչափ շնորհակալ եմ Արթուրից եւ նրա թիմից` ինձ մենամարտելու հնարավորություն ընձեռելու համար: Կարծում եմ, որ Արթուրի համեմատ ես ավելի լավ բռնցքամարտիկ եմ: Ես որպես արհեստավարժ շատ մրցակիցների եմ հաղթել, որոնց հետ մրցել է նաեւ Արթուրը» - հայտարարել է Նիկոլա Սյեկլոչան: Արթուր Աբրահամն ավելի համեստ մեկնաբանություն է արել մրցամարտից առաջ. «Ես լավ ճանաչում եմ մրցակցիս եւ հարգում եմ նրան: Սակայն իմ փորձը հուշում է, որ նման մենամարտերում շատ բան կապված է քո տրամադրվածությունից եւ պատրաստության մակարդակից: Ես լիովին պատրաստ եմ մենամարտին եւ մտադիր եմ պահպանել չեմպիոնի տիտղոսը»: