Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարաթոնյան վազք»-ում լավագույնը «Բանանցն» ու «Միկան» են

Սպորտ
sport

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բարձրագույն խմբի մրցաշարի վերջում կարելի է ասել «մարաթոնյան վազք» է պատրաստել թիմերի համար: Բանն այն է, որ ապրիլի վերջին, 11 օրվա ընթացքում, թիմերը 4-ական խաղ են անցկացրել: Նման խիտ գրաֆիկով խաղ ընդունված է նաեւ Անգլիայում, երբ սկսվում են Սուրբ ծննդյան տոները եւ Նոր տարին: Սակայն անգլիական «մարաթոնը» տեւում է 8 օր, իսկ ահա մեզ մոտ այն դեռ շարունակվում է, քանի որ մայիսի 3-ին կայանալու են առաջնության հերթական հանդիպումները: Այդ յուրատեսակ «մրցավազքում» հաջող են հանդես գալիս «Բանանցն» ու «Միկան», որոնք տարել են երեքական հաղթանակ եւ կրել մեկական պարտություն: Ապա հաջորդում է «Շիրակը», որը 4 խաղերում վաստակել է 7 միավոր: Այդ փորձաշրջանում բոլորից վատ արդյունք ցույց է տվել առաջնության միանձնյա առաջատար «Արարատը», որը իր միավորների պաշարն ավելացրել է ընդամենը 2-ով: Նրանից մեկ միավոր շատ է վաստակել ետնապահ «Ուլիսը», 2-ական` «Գանձասարը» եւ «Ալաշկերտը», 3` «Փյունիկը»: Զարմանալի չէ, որ այդ «մրցավազքից» հետո «Բանանցը» վաստակած միավորներով հավասարվել է «Արարատին», իսկ լրացուցիչ ցուցանիշներով արդեն բարձրացել է առաջին հորիզոնական: Հավելենք, որ մայիսի 3-ին նոր առաջատարը սեփական դաշտում ընդունելու է «Շիրակ»-ին, իսկ «Միկան» հյուր է գնալու Կապանի «Գանձասարին»: Հենց այդ խաղերն էլ կորոշեն ֆուտբոլային «մարաթոնի» վերջնական հաղթողին կամ էլ հաղթողներին: