Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապրիլի 24-ից առաջ և հետո սկսում էին Շիրազին հետապնդել». Աստղիկ Շիրազ (տեսանյութ)

Հասարակություն
շիրազ

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը 100 տարեկան կդառնար: Քնարերգուի ծննդյան առիթով նրա շիրիմին այցելեցին հարազատները, ընկերները, նրա պոեզիայի սիրահարները։ Հենց նրա շիրմի մոտ բանաստեղծի դուստրը՝ Աստղիկ Շիրազը, տեղեկացրեց, որ հայրն ունի բանաստեղծություններ, որոնք դեռ հրատարակված չեն. «Երկերի ժողովածուի 4 հատոր է լույս տեսել, ինչ-ինչ պատճառով 5-րդ հատորը լույս չի տեսել, հիմա մենք ծրագիր ենք ներկայացրել, որ երկերի լիակատար ժողովածուն հրատարակվի: Խոստացել են 2015 թվականից հրատարակել», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Շիրազի դուստրը և հավելեց, որ գրողի մեծածավալ գործերից մեկը` «Թոնդրակեցիներ» պոեմը, տպարանում է: Աստղիկ Շիրազը նաև ասաց, որ բանաստեղծի տուն- թանգարանի տանիքը անբարեկարգ վիճակում է, սակայն պատկան մարմինները խոստացել են շուտափույթ լուծում տալ խնդրին: Բանաստեղծի դուստրը թեև շատ աղոտ, բայց հիշում է, երբ գալիս էր ապրիլ ամիսը, իր հորը հալածանքների էին ենթարկում. «Ապրիլի 24-ից առաջ և հետո սկսում էին նրան հետապնդել իր հայացքների համար, մեր տանը յուրահատուկ հագուստներով մարդիկ էին լինում կանգնած, որոնք անընդհատ մեր տան շրջակայքը հետևում էին, հայրիկն ասում էր` նրանք էնտեղ են, նրանք չէին թողնում, որ Շիրազը դուրս գա», - պատմում է Աստղիկ Շիրազը: Նա հիշում է հոր պատգամը և այն փոխանցում հայ հասարակությանը` անաղարտ պահել հայոց լեզուն. «Օտարամոլությունը պետք է դուրս գա հայ ժողովրդի միջից, ինքը չէր ասում լեզու մի սովորեք, բայց հորդորում էր՝ ամեն ինչից վեր է մայրենին», - ասում է Աստղիկ Շիրազը: shiraz