Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղերձ. Շնորհակալություն, պարոն Ջրբաշյան

Հասարակություն
b795f2e4aea0c4d67021a7ac806279a5

Էկոլոգիական հասարակական դաշինքը ուղերձով դիմել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ) Սեւանա լճի հարցով: Ուղերձում ասված է. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 23.04.2014թ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, դեմ է հանդես եկել Սևանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարելու ՀՀ Կառավարության հունվարի 30-ի որոշմանը և կոչ է արել Ադեմիային արգելել Սևանից ջրի բացթողումը՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլ նաև ռազմավարական, հայ ժողովրդի գոյատևման օբյեկտն է: Էկոլոգիական հասարակական դաշինքի ուղերձը ՀՀ ԳԱԱ-ին Սեւանա լճի հարցով Մենք` էկոլոգիական հասարակական դաշինքի մի շարք կազմակերպություններ, անհատներ, որոնց շարքերում մեծ թիվ են կազմում ՀՀ ԳԱԱ բնագիտական և այլ բնագավառների նախկին և ներկա գիտաշխատողներ, լիովին կիսում ենք ակադեմիկոս Ոուբեն Ջրբաշյանի մտահոգությունը Սևանից 5 տարի շարունակ 240 միլիոն խ.մ. ջրբացթողումների առիթով: Շնորհակալություն, պարո՛ն Ջրբաշյան, հայ ժողովրդի համար կենսական նշանակության կարևորագույն հարցը Ձեր ելույթում ներառելու և ակադեմիական ամբիոնից հնչեցնելու համար: Մենք բարձր ենք գնահատում գիտության նվիրյալի ու գիտնականի կարծիքը, Գիտությունների ակադեմիան իրավասու է և պետք է վճռական դիրքորոշում ունենա: Խոսքը վերաբերում է Սևանա լճի ճակատագրին, ասել է թե Հայաստանի ողջ ժողովրդի ապագային: Սևանը բոլորինս է, այն մեր ապագա սերունդներինն է, Հայաստանի համար կենսական կարևորության ռեսուրս, քաղաքական որոշումերը այստեղ տեղին չեն: Մենք կոչ ենք անում Ակադեմիայի համակարգի բոլոր գիտահետազոտական ինստիտուտներին, չմնալ անմասն, բազմակողմանի ուսումնասիրել խնդիրը, գնահատել հնարավոր ռիսկերը և հանդես գալ գիտական դիրքորոշումով: Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի բարելավման նպատակով նախաձեռնվել և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ 1996-98 թթ. մշակվել է «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման» ծրագիր:   Հաշվի առնելով Սևանա լճի կարևոր նշանակությունը և, նրա դերը հանրապետության համար, 2001թ-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի լիճը սահմանվում է որպես ՀՀ բնապահպանության, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն, և հոգևոր արժեք ուեցող քաղցրահամ ջրերի ռազմավարական օբյեկտ:   Աշխարհն այսօր ավելի քան երբևէ կարիք ունի մաքուր ջրերի պահմանման: Հայաստանն այսօր շանս ունի դառնալ տարածաշրջանում քաղցրահամ, խմելու ջուր ուենցող երկրների ցանկում առաջինը և այս գործոնը դնել տնտեսական զարգացման հիմնահարցերի շարքում:   Մենք սկսած 1933թ-ից ականատես ենք եղել Սևանա լճի նկատմամբ պարտիական բարձր կոչերով ուղղորդվող և ծայրահեղությունների հասնող անհեռատես մտքի հաղթանակի արդյունքին: Այսօր մենք չենք կարող չհիշել անցյալի դառը փորձը: Լճի ջրերի անխնա օգտագործումը և սննդարար տարրերի ներհոսքը բերեց լճի էկոհամակարգի լիովին խախտման և 70-ական թվականներին լիճը սկսեց ծաղկել կապտականաչ ջրիմուռներով: Տեղի ունեցավ լճի էվտրոֆիկացիա`ճահճացում:   Շնորհիվ ՀՀ գիտական մտքի, ուսումնասիրվեց էվտրոֆիկացիայի մեխանիզմը և կազմվեց դրան հակազդող գործողությունների ծրագիր, որի դրական արդյունքին մենք ականատես եղանք: Ներկայումս լիճը գտնվում է առողջացման փուլում` մեզոտրոֆ վիճակում՝ դեռևս որոշ ցուցանիշներով մոտ գտնվելով էվտրոֆին: Այս պայմաններում լճի ջրերը մեծ ծավալներով`տարեկան 240 միլիոն խ.մ. 5 տարվա ընթացքում օգտագործելը, ինչպես նաև միաժամանակ նախատեսվող ձկնաբուծական ցանցային տնտեսությունների կազմակերպումը լճի մեջ նշանակում է կտրուկ ազդեցություն լճի էկոհամակարգի վրա և կարող է Սևանա լճի համար անդարձելի փոփոխությունների պատճառ դառնալ:   Առանց մասնավորեցնելու Ռուբեն Ջրբաշյանի փաստարկներից յուրաքանչյուրը՝ ասենք միայն, որ Սևանի շուրջ նրա բարձացված յուրաքանչյուր հարց իր օբյեկտիվ մտահոգվելու պատճառն ունի:   Դրանցից առաջինը հենց այն է, որ խիստ կարևոր այս խնդրի շուրջ որոշումը կատարվում է հապճեպ, առանց լուրջ ուսումնասիրության, առանց գիտական մտքի մասնակցության:   Միաժամանակ, բիզնեսի մարդկանց դիմելով, կոչ ենք անում `երբեք չիջնել պրիմիտիվ ու պոպուլիստական մակարդակի ու բնապահպանական կամ գիտական միտքը չփորձել պիտակավորել ճշմարտությունից շեղելու միտումով՝ ասելով, որ հանք լինի, թե ջուր, իբր մենք չենք ուզում, որ դուք աշխատեք:   Աշխատատեղը, պետք է երկարատև լինի, և չուղեկցվի երկիրի թալանով ու ավերով: Անխնա ու անհեռատես ռեսուրս վատնելը բերելու է մի քանի ընտանիքի գերհարստացման ու մի ողջ ժողովրդի անդառնալի աղքատության, ինչպես դա եղավ նախկինում հարուստ ընդերք և ռեսուրսներ ունեցող աֆրիկական երկրներում:   Զայրացուցիչ է, որ անգամ մի խոսք չի ասվում Արարատյան հարթավայրի արտեզյան ջրավազանի անթույլատրելի ջրազրկման իրական պատճառների և ստեղծված իրավիճակի համար մեղավոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին: Անշուշտ իրավիճակի համար չեն կարող լուրջ մեղադրվել լճային փոքր ու միջին ձկնաբուծական տնտեսությունները, սակայն հենց նրանց է սպասվում փակման վտանգ, մինչդեռ այս աղետի համար պատասխանատու մեծ տնտեսությունները մնում են ստվերում: Չի քննարկվում ջիր կորուստները: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պարզաբանման՝ 1 հա տարածք ջրելու համար անհրաժեշտ 8000 խ. մ. ջրի հաշվարկին գումարվում է ևս 4000 խ.մ. որպես կորուստ, ադպիսով ընդունվում է, որ միջինը 1 հա տարածքը ջրելու համար ծախսվում է 12000 խ.մ. ջուր 8000 խ.մ.-ի փոխարեն: Ինչպես և շրջակա միջավայրի վրա ազդեցություն պարունակող ցանկացած նախագիծ` տվյալ դեպքում Սևանից 5 տարով տարեկան 240 միլոն խ.մ. ջրի բացթողումը նախ պետք է ստանա գիտական գնահատական և անցնի շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատման համալիր փորձաքննություն՝ հնարավորություն ստեղծելով իրազեկ լինել և մասնակցել որոշումների կայացմանը թե՛ լճի ափամերձ, և թե՛ հասարակայնության լայն շրջաններին համաձայն Օրհուսի կոնվենցիայի, որի կողմ է Հայաստանի Հանրապետությունը: Մյուս կողմից մեծ ծավալներով ջրի դուրս ուղարկելը դեպի հարևան երկրներ, չի բացառում, որ կառաջացնի նաև անդրսահմանային անցանկալի երևույթներ, որի պատասխանատվությունը Հայաստանի վրա կդրվի՝ ըստ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» ԷՍՊՈ կոնվենցիայի: Մեզ համար բոլորովին համոզիչ չէ նաև, թե, իրոք, լրացուցիչ մեծ քանակությունների ջրբացթողումը գյուղատնտեսական նպատակներով է արվում: Մենք այդ եզրահանգմանն ենք եկել՝ զրուցելով Արարատյան հարթավայրի մի շարք համայնքների ջրօգտագործողների հետ: Մնում է ենթադրել, որ Սևանից վերցված հսկայածավալ քանակներով ջուրը կծառայի հավելյալ էլէկտրաէներգիա ստանալու, գուցե և կվաճառվի մի անհայտ ուղղությամբ, կամ անուղղակի կծառայի խոշոր ձկնաբուծական տնտեսությունների բարգավաճմանը: Մինչդեռ, հանուն արդարության լուծումը պետք է լիներ նրանց ջրօգտագործման ծավալների ժամանակավոր սահմանափակումը, այլ ոչ թե Սևանը վտանգելու ճանապարհով լրացուցիչ ջրբացթողումների գնալը հանուն մի քանի հոգու բիզնեսի: Դրանից հաստատ աղետ չէր սպասվելու:   Այս պարագայում միանգամայն անիմաստ է դառնում խնդիրը ներկայացնել որպես դաշտերի ոռոգոման մտահոգություն, երբ այդ նույն գյուղացին դժվարանում է վճարել ոռոգման ջրի վարձը, իսկ չօգտագործված ջուրը հոսում է դեպի Արաքս գետ:   Հիշենք նաև, որ ոչ ոք Սևանում ավել ջուր չի կուտակել և իրավունք էլ չունի այդ ջուրը օգտագործելու: Սևանի մակարդակը բարձրացել է վերջին տարիների բնակլիմայական պայմաններից, որոնք կարող են անսպասելի փոխվել, և հաջորդ տարիներին մենք կունենանք ջրի մակարդակի անկում...   Եթե նախագահը և այլոք համաձայն չեն նաև ակադեմիկոս Ջրբաշյանի այն դիտարկմանը, թե Սևանից բաց թողնված ջրի մեծ մասը գնում է Ադրբեջան, ապա կառաջարկեինք կարդալ հանրապետության ջրային ոլորտի գիտակներից մեկի` ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի նախագծման ճարտարագետ, գլխավոր մասնագետ, անցած դարի 60-70-ական թվականներից հիդրոմելիորատիվ համակարգում գործունեություն ծավալող Գեորգի Գևորգյանի «Օգտագործում ենք մեր մակերեսային ջրային պաշարների ընդամենը 27-28%-ը» վերլուծականը (http://armef.com/news/category/analysis/article/article_1382375816):   Եթե կորչող ջուրը , կամ Ադրբեջան գնացողը Սևանինը չէ, այլ մեկ մեկ ուրիշ ծագման, ապա տարբերություն չկա, քանի որ կորած ջրի փոխարեն վերցվում է Սևանից, ասել է թե Սևանի ջուրը գնում է Ադրբեջան»: