Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱՐՅԱ ՀՈԼՈՔՈՍՏ

Հասարակություն

«Ներող եղեք, բայց արտասահմանցի լրագրողների հանդեպ ավելի ուշադիր ենք լինելու»,- երկու օր առաջ ցեղասպանությանը նվիրված միջոցառումների լուսաբանման համար հավատարմագրված հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը:

Այսօր հայաստանցի լրագրողները հասկացան, թե ինչը նկատի ուներ պարոն Գասպարյանը: Երեւանում այսօր մեկնարկած «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովից անմիջապես առաջ հայաստանցի 44 լրագրողներին խցկեցին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Լեւոն Կիլիկեցի սրահը, որը 66 քառակուսի մետրանոց մի տարածք է: Այդ սրահն ուներ 4 աթոռ, 1 կոմպյուտեր, մեկ հեռուստացույց, որով համաժողովը լուսաբանող լրագրողներն, ինչպես նաեւ ողջ աշխարհը, ուղիղ եթերով հետեւելու էին Քոչարյանի, կաթողիկոսի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեզի ելույթներին:

Հիշյալ ելույթների ավարտից հետո, երբ կաթողիկոսը, Քոչարյանը եւ Խուան Մենդեզը դուրս եկան համաժողովի դահլիճից, ԱԳՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատուներից մեկը հայաստանցի լրագրողներին ասաց, որ այդ 66 քմ-անոց սենյակում պիտի մնան այնքան ժամանակ, քանի դեռ «նախագահը Մենդեզի հետ առանձնազրույց է ունենում»:

Լրագրողներից երկուսը պարզվեց կլաուստրոֆոբիա (վախ փակ տարածքի հանդեպ) ունեն, իսկ մեկը նույնիսկ վատացավ: Մոտ երկու ժամ օդի պակասի պատճառով գազախցիկի վերածված այդ սրահում լրագրողները հեռուստացույցով հետեւում էին դիմացի դահլիճում հնչող ելույթներին, որոնց ողջ աշխարհը հետեւում էր տանը նստած: Լրագրողներին դուրս գալ թույլատրեցին միայն այն ժամանակ, երբ ծխելու դուրս եկավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նրա հետեւից էլ` մի շարք մարդիկ: