Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռ չեն մարել անցյալ տարվա վարկերը, հիմա էլ՝ ցրտահարությունը

Հասարակություն
ցուրտ

Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ծառերի ծխահարումն օգուտ չի տվել, քանի որ ցուրտը սաստիկ էր։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը՝ հավելելով, որ ոչինչ չի մնացել բոլոր տեսակի ծառապտուղներից։ «Մենակ կարող է էս ցրտից փրկված լինեն տեխնիկական սորտի խաղողները։ Դա ոչ մեկը չի կարող հաստատ ասել»,- նշեց գյուղապետը։ Նա նշեց, որ կարկուտի դեպքում վնասը երևում է միանգամից, և բողոքի ակցիաներն էլ սկսվում են միանգամից, իսկ ցրտահարության հասցրած վնասն այդքան արագ չի երևում։ «Ցուրտը մարմանդ մտել է մեջները, հլը չեն զգում։ Տեսնում են՝ ծառը ծաղկած է, ծաղիկը կա, բայց վրան բան չկա. հլը չի պատկերացնում մարդը, որ ծառը էլ բերք չի տա։ Հլը ժողովուրդը ոնց որ քնած լինեն, որովհետև աչքերը հլը բան չի տեսնում»,- ասաց Գրիգոր Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ Նալբանդյանի գյուղացիները դեռ չեն մարել անցյալ տարվա վարկերը, քանի որ անցյալ տարի կարկուտի պատճառով կառավարությունը սուբսիդիա տրամադրեց, և բանկերը համաձայնեցին սառեցնել վարկերի 90 տոկոսը։ Իսկ մարզի Լեռնամերձ համայնքի ղեկավար Սահակ Միրզոյանն «Ա1+»-ին ասաց, որ գյուղում ցրտահարվել է ամեն ինչ՝ սկսած թարխունից, վերջացրած բոլոր պտղատու ծառերով՝ 18 հա պտղատու այգի։ «Ոչ մի բան էլ չունենք»,- ասաց Սահակ Միրզոյանը։ Նրա հավաստիացմամբ՝ Լեռնամերձի բոլոր գյուղացիներն էլ վարկեր ունեն և սպասում են վաղը կայանալիք մարզխորհրդի նիստին։