Նրանք կողմ են մեր դեմ-ին (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը միակն էր, որ կարող էր դեմ խոսել ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի հարցով Հայաստանի կատարած քվեարկության մասին. «Պետությունն առաջնորդվել է պետության շահերով: Գիտեմ, որ կարող եք զարմանալ»: «Նույն ոգով,-իշխանություններին հասկացնում է Ռուբեն Հակոբյանը: Մեր շահը ամեն ինչ է։-Մեզ պետք է չճնշի ինչ-որ վիրտուալ տարածքում գտնվող եւ Հայաստանին որեւէ օգուտ չբերած համամարդկային արժեքները»: «Հայաստանը ճիշտ է վարվել,-ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը,-նա քվեարկել է ազգերի ինքնորոշման օգտին, իսկ դա մարդու իրավունքներից էլ վեր սկզբունք է։ Եթե մարդու իրավունքը գերակա սկզբունք է, մարդկանց խմբի իրավունքը շատ ավելի բարձր է, քան մի հոգու իրավունքը»: Ըստ դաշնակցական պատգամավորի, նրանք, ովքեր ՄԱԿ-ում դեմ են քվեարկել Ղրիմի հանրաքվեին, որի արդյունքում ուկրաինական այդ թերակղզին դարձել է ռուսական, մի օր կփոխեն իրենց դիրքորոշումը. «Եթե էդպես չլիներ, ՄԱԿ-ը իր սկզբնավորման օրվանից հետո 4 անգամ գրեթե իր կազմը չէր մեծացնի»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լսել էր, որ Հայաստանը սկզբից հայտարարել էր, որ ձեռնպահ է քվեարկելու, բայց դեմ քվեարկեց: Ու ոչ ոք չբացատրեց, թե ինչու: Այս իրավիճակում, սակայն, ոչ լեգիտիմ իշխանությունը քվեարկելու այլ տարբերակ չուներ. «Ընտրել նվազագույն վնասների ճանապարհը, որը տվյալ դեպքում այն էր, ինչ-որ արել են»: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, եթե Սերժ Սարգսյանը լիներ լեգիտիմ նախագահ, իսկ նրա թիմը չլիներ օլիգարխների եւ քրեական հանցագործների խմբավորում, այսօր մենք կհաշվեինք ոչ թե այդ քվեարկության վնասները, այլեւ օգուտները, անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեր Հայաստանը. «Դեմ էլ քվեարկիր, կողմ էլ քվեարկիր, ձեռնպահ էլ: Բայց ունենալ տեսակետ, հիմնավոր տեսակետ եւ լինել այնպիսին, որ քո ռազմավարական ընկերները հարգեն քո տեսակետը»: Մի բան հայտարարելը, մեկ ուրիշ բան քվեարկելը տհաճ էր նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներին: Կարելի էր ձեռնպահ քվեարկել եւ մնալ չեզոք Ղրիմի հարցում,-ասում է Ստեփան Մարգարյանը. «Չեզոքությունն ընդգծելով նա հակառուսական դիրքորոշում չէր որդեգրում եւ Ռուսաստանին, վստահ ենք, այդքան անհրաժեշտ չէր, որ Հայաստանը դեմ քվեարկեր»: