Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքի խտրական մոտեցումները

Քաղաքականություն
unnamed13

ՍԴ-ում այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանգամանալից ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճահարույց կետերն ու դրանց հիմնավորումները: Այնուհետեւ զեկույցով հանդես եկավ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ պարտադիր կուտակայինի նորմի սահմանումն ու դրա տարածումն արդեն իսկ գործող աշխատանքային հարաբերությունների անհարկի միջամտության դրսեւորում է. «Նորմի կիրառման հետեւանքով նվազում է արդեն իսկ հարկված աշխատավարձի ծավալն ու խախտվում է աշխատողի՝ իր հայեցողությամբ գումարը տնօրինելու սահմանադրական իրավունքը: Ինչպես նաեւ՝ 1974թ. հետո ծնված, նույն որակավորումն ու նույն պաշտոնը զբաղեցնող անձինք այս օրենքի կիրառմամբ հայտնվելու են խտրական վիճակում: Բացի այդ՝ խտրական մոտեցում կա ոչ միայն տարիքային, այլեւ տարբեր եկամուտ ունեցող անձանց միջեւ՝ մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարելու են 5 տոկոս, իսկ պետությունը կավելացնի այս հաշվին եւս 5 տոկոս, իսկ 500 հազար եւ ավելի ստացողների դեպքում՝ կգործի 10 տոկոս վճարը, սակայն պետության կողմից ընդամենը 25 հազար դրամ ավելացումը պետության կողմից ոչ հավասար մոտեցում է»: Մերի Խաչատրյանը նկատեց նաեւ, որ 1974թ. հետո ծնվածները չունեն նաեւ հավասարաչափ ժամանակ կենսաթոշակային գումարների կուտակման համար. «Ուզում եմ հիշեցնել՝ ՀՀ-ում աշխատունակ են դառնում 14-16 տարեկանից ու ստացվում է՝ նրանք վճարում կատարելու են 49-47 տարի, իսկ ասենք՝ 1974թ. ծնվածները՝ 20 տարի ու նույն տոկոսադրույքներով: Ինչ վերաբերում է ինքնազբաղներին, ապա նրանք չեն դիտվում որպես պարտադիր համակարգի մասնակից, այլ կարող են մասնակցել միայն կամավոր համակարգին՝ առանց պետության կողմից հավելավճարի»: Մերի Խաչատրյանը նաեւ մեջբերեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից մի հատված, ըստ որի՝ եթե քաղաքացին մեկնում է արտասահման, ապա նա կուտակած գումարները կարող է ստանալ, եթե հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից. «Այսպիսով, ուղղակիորեն խրախուսում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը: Սա ոչ իրավաչափ է ու հակասում է Սահմանադրությանը, ինչպես նաեւ՝ հակասում մի շարք ՀՀ օրենքների, ըստ որոնց՝ ոչ ոքի չի կարող անձին զրկել սեփականությունից՝ բացառությամբ դատարանի որոշման»: Նա նաեւ հիշեցրեց՝ կենսաթոշակը նաեւ սեփականության ձեւ է: