Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ նախագիծը մերժվեց. նախապատվությունը տրվեց ՕԵԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
aj2

ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադարձավ երկու օր անընդմեջ Թուրքիայի կողմից սիրիական հայաբնակ Քեսաբ թաղամասի վրա ռազմական գործողություններին ու մարդկանց տարհանմանը. «Այսպիսով, մենք սկսում ենք կորցնել Մերձավոր Արեւելքի ամենահայաբնակ համայնքներից մեկը: Եթե 1915թ. չկար ՀՀ, ապա հիմա կա, ուրեմն` ի՞նչ գործողություններ են ծրագրվում մեր կողմից` օգտակար լինելու համար մեր հայրենակիցներին, միգուցե համատեղ հայտարարություններով հանդես գանք: Մեր հայրենակիցների վիճակը ծայրահեղ ծանր է ու նրանք մեր օգնության կարիքն ունեն»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք բոլորն էլ մտահոգված են, սակայն. «Մենք իրավասու չենք միջամտելու այլ պետության գործերին: Ես կարծում եմ` պետք է առաջարկենք մեր համապատասխան նախարարությանը` լսումներ կազմակերպել ու մեզ մտահոգող հարցերին պատասխաններ ստանանք»: Անցնելով օրակարգի հաստատմանը` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց խորհրդարանին կողմ քվեարկել «Նպաստների մասին» օրենքում իրենց կողմից առաջարկած փոփոխություններին. «Հիշեցնեմ, որ այն վերաբերում է չաշխատող մայրերին` մինչեւ 2 տարեկան երեխաներին գումար հատկացնելու մասին: Սա հստակ առաջարկ է: Հենց այս մայրերն առավելեւս կարիք ունեն այդ նպաստին»: ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ին առաջարկվել է հետաձգել այն, քանի որ նմանատիպ նախագիծ ուներ նաեւ ՕԵԿ-ը, որ չէր համաձայնվել զուգահեռ քննարկում. «Մենք ունենք սոցիալական լուրջ խնդիր` ո՞ր մորը փող տալ` աղքատ, թե հարուստ ընտանիքի մորը»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր կողմից հայտարարեց, որ այդ դեպքում պետք է քննարկել ու առաջնահերթություն տալ նաեւ ուսանող մայրերին: Արդյունքում ԲՀԿ ներկայացրած նախագիծը քվեարկությունից հետո չընդունվեց օրակարգ: «Տիկին Զոհրաբյան, ես չեմ հասկանում` ինչի՞ չեք համաձայնվում, պարոն Մարգարյանը նորմալ բան էր առաջարկում: Պետք է` համերաշխության շրջանակում հարցը քննարկենք»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկը նկատեց, որ շատ իզուր, որ նախագիծը չընդգրկվեց օրակարգ, քանի որ ԲՀԿ եւ ՕԵԿ նախագծերը չէին խանգարի մեկը մյուսին ու կարող էին մեկը մյուսին այլընտրանք լինել: