Անհաջող մեկնարկ
Հայաստանի ձյուդոյիստները անհաջող սկսեցին ելույթները այսօր Թբիլիսում մեկնարկած «Մեծ մրցանակի» հերթական մրցաշարում: Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Հարությունյանը առաջին մրցամարտում պարտվեց ղազախ Գաբիթ Եսինբատովին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նույն քաշային կարգում Գրիգոր Իվանյանը չկարողացավ դիմակայել վրացի Լուխումի Չխվիմիանիին: Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոյիստ Արսեն Գալստյանը նախ պայքարից դուրս բերեց Ուկրաինայի պատվիրակ, իր հայրենակից Գեւորգ Խաչատրյանին, սակայն կիսաեզրափակիչում նա պարտվեց ադրբեջանցի Օրխան Սաֆարովին: 3-րդ տեղի համար մարտում օլիմպիական չեմպիոնը կմրցի վրացի Ամիրան Պապինաշվիլու հետ: 66 կգ քաշայինների մրցաշարում մեր Դավիթ Ղազարյանը 1/8-րդ եզրափակիչում զիջեց վրացի Շալվա Կարդավային, իսկ Արսեն Ղազարյանը 1/16 փուլում պարտվեց իտալացի Էլիո Վերդիին: Նրանք նույնպես ավարտեցին ելույթները: Կանանց մրցաշարում հայտավորված Հայաստանի միակ պատվիրակ, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, 1/8-րդ եզրափակիչ փուլում տանուլ տվեց թուրքմենուհի Գյուլբադամ Բաբամուրատովային եւ դուրս մնաց պայքարից: Վաղը տատամի կմտնեն 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը եւ 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը: