Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլիտեխնիկի ՀՀԿ-ական ռեկտորն ազատվեց աշխատանքից

Հասարակություն
ara2

Այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Ավետիսյանը: Ուսումնական հաստատությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ ռեկտորն իր դիմումը ներկայացրել է գիտխորհրդի նիստի ընթացքում: Քիչ առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից գրավոր հաղորդեցին, որ Արմեն Աշոտյանի հրամանով՝ 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն: Նրա փոխարեն ռեկտորի պարտականությունները կկատարի ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Շրջանառվող լուրերի համաձայն` բուհում տեղի են ունեցել ստուգումներ, որոնք ջրի երես են հանել մի շարք ֆինանսական չարաշահումներ, թեև դասախոսներից ոմանք նշեցին, որ նման չարաշահումներ չկան. «Ընդհանրապես չկա նման բան, ով այդպիսի լուրեր է շրջանառում, նրան հարցրեք»,- «Ա1+»-ին ասաց դասախոսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Դասախոսների գերակշիռ մասը անորոշության մեջ էր։ Նրանք նշեցին, որ լսել են ռեկտորի դիմումի մասին, սակայն չեն կարող ասել, թե որոնք են դրդապատճառները: Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, նախկին ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի շուրջ կրքերն էլ ավելի շիկացան նախորդ տարվա հոկտեմբեր ամսին։ ՀՊՃՀ-ի աշխատակազմը նախ ստորագրահավաք կազմակերպեց   ռեկտորի դեմ՝բողոքելով նրա ՝արդեն աբսուրդի հասնող խստությունից ու համատարած կրճատումներից։ Ստորագրահավաքի կազմակերպիչ Ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանն էլ հայտարարեց, որ բուհը ֆինանսական կոլապսի շեմին է։Մինչ այդ պարզ էր դարձել  , որ Արա Ավետիսյանը դեռ օգոստոսի 29-ին բուհի 34 դասախոսի աշխատանքից ազատել է։ Ի դեպ, Արա Ավետիսյանը Հանրապետական կուսակցության անդամ է, նա նաև մեծ եռանդով պաշտպանում էր բուհերում ուսվճարների բարձրացման որոշումը։