«Գումար է անհրաժեշտ այն մարդուն, ով տնօրինում է գովազդային շուկան». Առավոտ
«ՀՀԿ-ականները կարող են մի օր արթնանալ եւ որոշեն, որ պետք է սահմանափակումներ մտցնեն ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գովազդի հետ կապված, վաղը կարող են արթնանալ ու ասել՝ չէ, մտածել ենք, ավելի ճիշտ է թույլ տանք: Այս օրինագիծն ընդունելու պատճառները հասկանալի են՝ որոշ բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող իրենց գործարարին հնարավորություն տալ մեծ գումարներ աշխատել»,- այսօր՝ մարտի 12-ին Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը այսպես մեկնաբանեց «Գովազդի մասին» օրենքի նոր օրինագիծը, որն օրերս բուռն քննարկումների արդյունքում ընդունեց ԱԺ-ն: Այդ նախագծով թույլատրվում է որոշակի ժամերին թունդ ալկոհոլային խմիչքներ գովազդել: Ընդունվեց նաեւ գովազդի հետ կապված մեկ այլ օրինագիծ, որն էլ արգելում է Հանրային հեռուստաընկերությանը առեւտրային գովազդ ցուցադրել: Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ «Որեւէ տրամաբանություն չկա, թե ինչու պետք է նորից թույլատրեն ալկոհոլային խմիչքի գովազդը հեռուստատեսությամբ, երբ մենք արդեն վարժվել ենք եւ տեսել ենք, որ արգելքը շատ ճիշտ է: Տնտեսական կողմը թողնենք մի կողմ, դա այն խնդիրն է, որն ունի հասարակության համար նշանակություն, առողջապահական է: Մեր կառավարությունը անընդհատ հիմնավորում է միջազգային փորձով: Միջազգային փորձով ծխախոտի եւ խմիչքի գովազդները վերջին տարիներին սահմանափակվեցին կամ հանեցին ընդհանրապես: Այդ բնագավառում ո՞վ այսօր ունի ամենամեծ հնարավորություններ: Որ նայեք ովքեր են առաջարկությունը ներկայացրել, դա էլ է շատ հետաքրքիր: Իբր առողջ ապրելակերպ են քարոզում: Գովազդի շուկայում վերջին տարիներին փոփոխություններ արեցին, այդ շուկան մենաշնորհացվեց եւ ի՞նչ տեղի ունեցավ՝ սկզբում այդ բնագավառում դեմպինգային քաղաքականություն վարվեց, գներն իջեցրեցին, գովազդային գործունեություն ծավալող ընկերությունները դուրս մնացին եւ մնաց ընդամենը մի կազմակերպություն, որն էլ հիմա թելադրում է՝ օգտագործելով պատգամավորական լոբբինգի հնարավորությունները: Մնացած բոլոր բացատրությունները հարցից խուսափելու համար են: Անհրաժեշտ էր գումարներ այն մարդուն, ով այսօր տնօրինում է այդ ամբողջ գովազդային շուկան»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ