Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրոնային սարքով մեզ մոտ կվերահսկվի մարդու կյանքը

Կարևոր լուրեր Հասարակություն
4e5e63766c4777e8b6b23369d8474a7e

Հայաստանում կալանավորվածների թիվը նվազեցնելու համար Քրեական նոր օրենսգրքով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային սարքեր։ «Սարքը հնարավորություն է տալու հետեւելու տվյալ անձի վարքագծին, երբ անընդհատ սարքով ազդանշաններ են գնում, եւ քննիչը հետեւում է ազդանշաններին, չես էլ կարող հանել այն, հենց արձակեցիր, միանգամից ազդանշանը գնում է։ Երբ անձը խախտում է խափանման միջոցի պայմանները, կալանքի վտանգ է առաջանալու»,- «Ա1+»-ին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը։ Տնային կալանքը եւ վարչական հսկողությունը կարող են վերահսկվել էլեկտրոնային միջոցներով. «Վարչական հսկողության պայմաններում դու չես պարտադրում այդ մարդուն տանը մնալ, դու պարզապես իրեն պարտադրում ես, շաբաթը ոչ ավել, քան 3 անգամ գալ եւ գրանցվել ոստիկանության բաժնում։ Միեւնույն ժամանակ անձը պարտավոր չէ մոտենալ որոշակի անձանց, չգտնվել որոշակի վայրերում, որոշակի ժամերի չհաճախել որոշակի վայրեր, օրինակ` ասում ենք, որ դու իրավունք չունես փոխել քո ժամանակավոր կամ մշտական բնակության վայրը։ Իսկ էլեկտրոնային սարքը ցույց է տալիս՝ արդյո՞ք նա դուրս եկավ այդ տարածքից, ոչ թե տնից, այլ բնակության վայրից, օրինակ` Երևան քաղաքից, կամ ինչ-որ մի գյուղից։ Սակայն որոշակի մարդկանց դու չես կարող քո տուն հյուրընկալել, նաեւ հնարավոր է տվյալ անձի հեռախոսային խոսակցությունները վերահսկվեն, եթե դատարանը նման որոշում կայացնի»,- քրեական նոր օրենսգրքի առավելությունները պարզաբանեց Արդարադատության փոխնախարարը։ Սարքը պետք է ձեռք բերվի պետական միջոցների հաշվին, սակայն հարց է, թե ինչպես են դրանք օգտագործվելու։ «Մեզ պետք են գալու նաեւ փորձագետներ, որպեսզի օգնեն մեր տեղացի մասնագետներին հասկանալու էլեկտրոնային վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։ Ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլ հենց քննիչների, դատավորների համար պետք է անմիջական դասընթացներ կազմակերպվեն»,- ասաց նա։ Սարքն ամրացվելու է հանցանք կատարած եւ մեղավոր ճանաչված անձի ոտքին կամ ձեռքին։ Թե որքան կարժենան այդ սարքերը՝ դեռ պարզ չէ։