Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը Ուկրաինայի վերաբերյալ
Ռուսաստանն առանց ՀԱՊԿ մասնակից պետությունների հետ խորհրդակցությունների միջամտեց Ուկրաինայի ներքին գործերին և արդեն փաստացի ռազմական ներխուժում իրականացրեց Ղրիմի Ինքնավար Հանրապետություն: ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդը համաձայնություն է տվել Ռուսաստանի զինված ուժերի կիրառմանը Ուկրաինայում: Այս գործողությունները արմատապես հակասում են Ռուսաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում խախտում են Համատեղ անվտանգության պայմանագրի 1 և 2 հոդվածների դրույթները։ Անհրաժեշտ է նշել, որ այդ պայմանագրի գործողության ժամկետը ավարտվում է սույն տարվա ապրիլի 20-ին: Հայաստանը, ՀԱՊԿ այլ մասնակից պետությունների թվում, կանգնած է պատմական ընտրության առաջ․ կամ կիսել Ռուսաստանի հետ Ուկրաինա ներխուժման ողջ պատասխանատվությունը, կամ դուրս գալ ՀԱՊԿ կազմից: Անկախ նրանից, թե ինչ որոշում է ընդունվելու, դրա հետևանքները կունենան հիմնարար նշանակություն մեր երկրի ապագայի համար: Հարկ չկա խոսելու այն բոլոր անձանց անհատական պատասխանատվության մասին, ովքեր այսօր գտնվում են Հայաստանի Անվտանգության Խորհրդի անդամի պաշտոնում: Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը կհամաձայնվի, որ Հայաստանը չպետք է մասնակցի Ուկրաինայի բաժանման համար պատերազմում, որը պատրաստ են սանձազերծել Եվրոպական Միությունը և Ռուսաստանը: Եկել է ժամանակը, երբ Հայաստանը պետք է հայտարարի իր միջազգային չեզոքության մասին: Որքան էլ բարդ և վտանգավոր թվա այսօր մեր երկրի անկախ ինքնուրույն գոյության ճանապարհը, այն հանդիսանում է միակ միջոցը, որի պարագայում Հայաստանի ճակատագիրը կախված կլինի միայն մեր ժողովրդի որոշումներից: Անդրիաս Ղուկասյան